ԵՏՄ-ն և Հայաստանի ինքնիշխանությունը. Գնահատում են քաղաքական գործիչները

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը կարծում է՝ բազմաթիվ են օրինակները, երբ անկախ Հայաստանը ինքնիշխանության տարրեր է կորցրել՝ կախվածության մեջ ընկնելով Մոսկվայից տնտեսական ու ռազմական հարցերում։

«Դրա ամենացայտուն արտահայտումը եղավ, երբ մենք մտանք Եվրասիական տնտեսական միության մեջ՝ դրանով իսկ սահմանափակելով մեր ինքնիշխանությունը»,- ասաց Արզումանյանը։

Հայաստանցի գործարարներին խոստացված 170 միլիոնանոց ԵՏՄ-ի շուկան դեռևս չի «նվաճվել»։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ դեպի Ռուսաստան արտահանումն այս տարվա 7 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 35 տոկոսով, ներմուծումն՝ ավելի քան 12-ով։ ՌԴ գյուղնախարարն օրերս առաջարկել է Պուտինի կողմից արգելված արևմտյան մթերքը վերացնել նաև ԵՏՄ երկրներում։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն անընդունելի է համարում պատժամիջոցները նաև ԵՏՄ մյուս գործընկերների վրա տարածելը։

«Մեր ներմուծումը մոտ 2.5 անգամ ավելին է, քան արտահանումը, և ներմուծվող ապրանքատեսակների 70-80 տոկոսը կազմում է հենց սննդամթերքը կամ գյուղատնտեսական ապրանքները, որի մասին այդպիսի առաջարկություն է անում Ռուսաստանի գյուղնախարարը»,- ասաց Խաչատրյանը։

Հայաստանը, կարծում է տնտեսագետը, չի դիմանա այդ «պարտադրանքին».- «Մեզ մոտ տեղի կունենա գների կտրուկ աճ՝ այն, ինչ, իմիջիայլոց, այսօր Ռուսաստանում կա, հրապարակային դրա մասին չեն խոսում, բայց իրականում ռուսական շուկայում հատկապես գյուղմթերքների գները էականորեն բարձրացել են՝ մինչև 30 տոկոսով։ Ի՞նչ է, ուզում ենք նույնը մեզ մո՞տ լինի»։

Անցած տարվա դեկտեմբերին ԵՏՄ պայմանագրին դեմ քվեարկած պատգամավոր Թևան Պողոսյանը կարևորում է Սահմանադրության փոփոխությունների նախագծով ամրագրված դրույթը, որով վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության հարցը լուծվում է հանրաքվեի միջոցով:

«Եթե ունենայինք այդպիսի կետ, չէինք ունենա «Սեպտեմբերի 3»` մեկ մարդու կամ մի խումբ մարդկանց որոշմամբ»,- ասաց նա։

Մինչդեռ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին այդ դրույթը խիստ անհանգստացնում է, ձևակերպման մեջ տարածքային կորստի վտանգ է տեսնում։ Հոդվածն ի սկզբանե վերաբերում էր միայն վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցությանը, բայց խորհրդարան ուղարկված տարբերակում ավելացվել է նաև տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցը հանրաքվեի դնելու հնարավորությունը.- «Դա չի վերաբերում Ղարաբաղը Հայաստանին միացնելուն։ Աշխարհում չեք տեսնի մի պետություն, որ հանրաքվեով իր հայրենակիցներին իրեն միացրել է։ Դա գործադիր ակտով է լինում, ինչպես անկախության ճանաչումը»։

Այսօր Եռաբլուր այցելած ԱԺ-ի հանրապետական նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանել է ԵՏՄ անդամակցությամբ ինքնիշխանության կորստի մասին խոսողներին.- «Դիվանագիտությունը բարձր մասնագիտություն է, մենք անընդհատ շտապում ենք մեր կարծիքները հասարակության մեջ տեղադրել ոչ միայն նրա համար, որ դա հենց այդպես է, այլ նրա համար, որ առանձին քաղաքական խմբեր իրենց տրամաբանությամբ պիտի փորձեն առանձնահատուկ դիրքորոշումներ որդեգրել իրենց իսկ քաղաքական ռազմավարությունը իբրև թե առաջ տանելու համար»։