Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը առաջարկել է պատժամիջոցների ենթակա և «անորակ» սննդամթերքը վերացնել ոչ միայն սահմաններին, այլև Եվրասիական տնտեսական միության երկրներում:
BBC-ի փոխանցմամբ՝ նա ասել է, որ սննդամթերքի ոչնչացման հարցով լրացուցիչ լիազորությունների մասին համաձայնագիրը նախատեսվում է ԵՏՄ-ի անդամներ Ղազախստանի, Հայաստանի և Ղրղըզստանի հետ ստորագրել Մոսկվայում հոկտեմբերին կայանալիք «Ոսկե աշուն» գյուղատնտեսական արդյունաբերության տոնավաճառի շրջանակում:
«Այդ ժամանակ մենք ճանապարհ կբացենք բարեխիղճ ներդրողների, արտադրողների համար, դրանից բոլորը միայն կշահեն», - հայտարարել է Տկաչովը:
Ավելի վաղ գյուղնախարարը առաջարկել էր Ռուսաստանի պատժամիջոցների տակ ընկնող մթերքը ոչնչացնել սահմանին, ինչին համաձայնել էր նախագահ Վլադիմիր Պուտինը:
Մոսկվան բեռնարգելք է սահմանել ԱՄՆ-ից, Եվրամիությունից, Նորվեգիայից և այլ երկրներից սննդամթերքի ներկրման համար՝ ի պատասխան Ուկրաինայի հարցով Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների: