Հունաստանում ավարտվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքներով պետք է ձևավորվի երկրի նոր կառավարությունը:
Հունաստանի նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի գլխավորած «Սիրիզա» կուսակցությունը, երկուշաբթի առավոտյան հրապարակված տվյալների համաձայն, հավաքել է ձայների 35․47 տոկոս և 7․21 տոկոսով առաջ է անցել աջակենտրոն «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից, իսկ երրորդ տեղում «Ոսկե արշալույս» կուսակցությունն է՝ 7 տոկոս քվեներով:
Այսպիսով «Սիրիզա»-ն կարող է խորհրդարանում 145 տեղ ունենալ:
Առանց փողկապի ելույթ ունենալով Աթենքի կենտրոնում հավաքված ընտրողների առջև՝ Ցիպրասը խոստացել է կայունության նոր փուլ ապահովել երկրում, ընդգծելով, որ հիմա իր մանդատը կպահպանի ժամկետում: «Մենք դժվարություններ ունենք, բայց միևնույն ժամանակ ունենք ամուր հիմք, գիտենք՝ ինչ քայլ կարող ենք անել, մենք ունենք հեռանկար: Ճգնաժամից հետո վերականգնումը մոգության շնորհիվ չի կարող լինել, այն կարող է տեղի ունենալ համառ աշխատանքի շնորհիվ», - հայտարարել է նա:
Կառավարության ձևավորումից հետո Ալեքսիս Ցիպրասի առաջին գործը պետք է լինի հակաճգնաժամային միջոցառումների փուլերի հարցերում Եվրամիության առաջնորդների հետ համաձայնության հասնելը:
Եվրախմբի ղեկավար, Դանիայի ֆինանսների նախարար Ջերուն Ջիսըլբլումը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել Հունաստանի նոր կառավարության հետ՝ հանուն հավակնոտ ծրագրերի իրականացման:
Հունաստանում կրկին իշխանության եկած «Սիրիզա»-ի գլխավոր խնդիրներից է նաև Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից փախստականների հարցում Եվրամիության չափանիշներին համապատասխան քաղաքականության հստակեցումը:
Սա վերջին վեց տարվա ընթացքում Հունաստանում անցկացվող հինգերորդ ընտրություններն են: Այդ ժամանակահատվածում երկիրը տնտեսական խորը ճգնաժամի մեջ էր:
Նախորդ խորհրդարանական ընտրությունները Հունաստանում անցկացվել էին անցյալ տարվա հունվարին: Այդ ժամանակ ընտրություններին մասնակցել էր 19 կուսակցություն:
Այս տարի օգոստոսի 28-ին Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր էր ստորագրել:
Օգոստոսի 20-ին «Սիրիզա» ձախակողմյան կուսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը լքել էր վարչապետի աթոռը, քանի որ նրա առաջարկած կոշտ տնտեսական բարեփոխումները, որոնք պահանջում են Հունաստանի պարտատերերը ֆինանսական նոր օգնության դիմաց, երկրում ոչ միանշանակ արձագանք էր գտել, ինչը նաև հանգեցրել է Ցիպրասի գլխավորած կուսակցության պառակտման: