Ստացվել են Մերի Մարգարյանի մահվան պատճառները պարզելու համար նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
«Ստացված եզրակացությունների համաձայն՝ Մերի Մարգարյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից, որը պայմանավորված է եղել 35-36 շաբաթական հղիության ընթացքում արձանագրված հղիության անեմիայով և սակավաջրությամբ, զարգացած սուր շնչառական վարակով, հիպերթերմիկ սինդրոմով, ինտերստիցիալ թոքաբորբով, հեմոֆագոցիտար համախտանիշով, հեպատո-սպլենոմեգալիայով, թրոմբոցիտոպենիայով, ոսկրածուծում էրիթրոկարիոցիտար ու գրանուլացիոն շարքի խիստ ընկճմամբ, կոագուլոպթիայով, փայծաղի ֆոլիկուլյար կառուցվածքի խոր ընկճմամբ, HELLP համախտանիշի զարգացմամբ, հեպատոցիտների ծանր դիստրոֆիայով և տարածուն նեկրոզներով, երիկամների կծիկների ֆոկալ ու սեգմենտար նեկրոզներով, տարածուն տուբուլոնեկրոզով, սրտամկանի ծանր դիստրոֆիայով, ծանր կոագուլոպթիայով, ներանոթային տարածուն մակարդման համախտանիշով, մաշկածածկույթներում և ներքին օրգաններում բազմաթիվ կետավոր և միաձուլվող արնազեղումներով, դուրալ, սուբդուրալ, մանր ու մեծ թարմ, սուբարախնոիդալ ու միջգալարային մանր ու թարմ արնազեղման օջախներով, անասարկայով», - նշում է Քննչական կոմիտեն՝ հավելելով, որ նշված ախտանիշներն առկա են եղել Մերի Մարգարյանի մոտ կենդանության օրոք և հանգեցրել մահվան։
Նորածնի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` նորածնի մահը վրա է հասել հուլիսի 30-ին՝ ժամը 12:10-ին: Մահվան պատճառ է եղել թոքերի և գլխուղեղի այտուցը, որոնք պայմանավորված են առաջնային բնածին իմունոդեֆիցիտով՝ ուրցագեղձի ակցենդենտալ 3-4 աստիճանի ինվոլյուցիայով, ասված է հաղորդագրությունում:
«Ծննդկանին և նրա դստերը բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում բժշկական հնարավոր սխալը պարզելու համար նշանակված փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել։ Նախաքննությունը շարունակվում է: Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Մերի Մարգարյանը կեսարյան հատման է ենթարկվել հուլիսի 27-ին, իսկ հուլիսի 29-ին «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Իսկ հաջորդ օրը մահացել է նաև նրա նորածին դուստրը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»։