Խորվաթիա է ժամանել ավելի քան 5․5 հազար փախստական

Խորվաթիա - Փախստականները և ոստիկանները Սերբիայի հետ սահմանին մոտ գտնվող երկաթուղային կայարանում, 17-ը սեպտեմբերի, 2015թ․

Խորվաթիայի ոստիկանությունը հայտարարում է, որ երկիր ժամանած միգրանտների թիվը ներկա պահին 5 հազար 650 է:

Իրավապահների տվյալներով՝ փախստականները Խորվաթիայի տարածք են մտնում միանգամից մի քանի անցակետերով: Մայրաքաղաք Զագրեբի մերձակայքում ընդունման կետերում փախստականներին գրանցելուց հետո Խորվաթիայի իշխանությունները նրանց տեղափոխում են:

Երկրի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ միգրանտների թիվը աճելու դեպքում իշխանությունները կդիմեն նոր քայլերի:

Փախստականները փոխել են իրենց երթուղին սեպտեմբերի 16-ին՝ այն բանից հետո, երբ Հունգարիան փակեց Սերբիայի հետ սահմանը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հայտարարել է, թե ցնցվել է, երբ տեսել է, թե ինչպես են Հունգարիայի ոստիկանները վարվում փախստականների հետ: