Պատերազմի ճիրաններից փրկության ճանապարհներ փնտրող փախստականների մի մասը Արևմտյան Եվրոպա հասնելու համար Հունգարիայի իշխանությունների նախաձեռնած քայլերից հետո Մակեդոնիայի ու Սերբիայի սահմանից՝ Սիդ քաղաքից այսօր ուղևորվել է Խորվաթիա:
Ոստիկանությունն այսօր Հունգարիայի և Սերբիայի սահմանին արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է գործադրել փախստականների նկատմամբ, ովքեր վրաններ էին տեղադրել, երբ բախվել էին սահմանը հատելու արգելքին: Հունգարիան Սերբիայի սահմանին ցանկապատ է կառուցել՝ արգելելով միգրանտների զանգվածային հոսքը դեպի Արևմտյան Եվրոպա:
«Բացե՛ք սահմանը»,- մինչ հունգարական ոստիկանության՝ ավելի կոշտ միջոցների դիմելն ապարդյուն խնդրում էին գաղթյալները:
Հունգարիայի իշխանությունը հայտարարել է հարյուրավոր միգրանտների ձերբակալության մասին, նրանց սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում՝ սահմանն ապօրինի հատելու փորձի համար:
«Մենք եկել ենք Եվրոպա՝ աշխատելու, ոչ թե ինչ-որ մեկից փող վերցնելու»,- բացատրում է խաղաղ որևէ երկրում ապաստան գտնելու հույս ունեցող միջին տարիքի մի տղամարդ:
Հունգարիայում բարդությունների առջև կանգնած միգրանտները փորձում են Ավստրիա և Գերմանիա հասնել Խորվաթիայից Սլովենիա մտնելու միջոցով:
Այսօր Reuters-ի օպերատորը հրապարակել է Եվրամիության անդամ Խորվաթիայի եգիպտացորենի դաշտերով հարյուրավոր միգրանտների երթի կադրերը:
Խորվաթիայի վարչապետ Զորան Միլանովիչը հայտարարել է, որ միգրանտները կարող են անցնել երկրի տարածքով:
«Խորվաթիան ամբողջությամբ պատրաստ է ընդունել և ճանապարհել այս մարդկանց ուր ուզում են գնալ՝ Գերմանիա կամ սկանդինավյան երկրներ»,- խորհրդարանական ամբիոնից հայտարարել է Միլանովիչը:
«Մենք պատրաստ ենք, և խնդիր չէ՝ նրանք ինչ գույն ու հավատք ունեն: Այս մարդիկ այստեղ են՝ կանայք, երեխաներ, տղամարդիկ, որոնք ուզում են ապրել և արարել, բայց նրանք չեն ուզում մնալ այս գոտում»,- բացատրել է Խորվաթիայի վարչապետը:
Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչն այսօր հայտարարել է, որ Զագրեբում սեպտեմբերի 18-ին հրավիրում է Անվտանգության խորհրդի նիստ՝ միգրանտների հարցով:
Խորվաթիայի ոստիկանությունը հայտարարել է, որ գրանցումից և համապատասխան փաստաթղթեր ստանալուց հետո գաղթյալները պետք է գնան մայրաքաղաք Զագրեբից ոչ հեռու՝ ընդունման կետ, և համապատասխան փաստաթղթերով այնտեղից արդեն հնարավորություն կունենան մտնել Շենգենյան տարածք՝ Սլովենիայով: