Լևոն Հայրապետյանը ազատվեց նաև տնային կալանքից

Լևոն Հայրապետյան, արխիվ

Քանի որ սպառվել էր քննության ընթացում կալանքի տակ գտնվելու առավելագույն ժամկետը, Մոսկվայի դատարանը հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքը փոխարինել է Ռուսաստանից չբացակայելու մասին ստորագրությամբ։

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը լրացել էր սեպտեմբերի 15-ին։

Հայրապետյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2008 թվականին «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի ժամանակ ֆինանսական խարդախություն անելու մեջ։ Նա ձերբակալվեց, ապա անցած տարվա հուլիսին կալանավորվեց: Հոկտեմբերի սկզբին առողջական խնդիրների պատճառով նրա նկատմամբ խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով: Լևոն Հայրապետյանը մեղադրվում է նաև Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու մեջ և այս գործով կալանքի տակ էր անցած տարվա սեպտեմբերից։ Այս տարվա ապրիլին, սակայն, Հայրապետյանի գործն անջատվեց «Բաշնեֆտ»-ի ընդհանուր գործից, և այժմ նրան մեղսագրվում է միայն գումարների յուրացման դրվագը։