ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը մտահոգված է Ադրբեջանի քաղբանտարկյալների խնդրով

Դեսպան Դանիել Բաերը «Ազատության» տաղավարում, Պրահա

ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Դանիել Բաերը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խորը անհանգստություն է հայտնել Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների կապակցությամբ:

Դեսպանն ասել է՝ դատական գործերում ներգրավված են մարդիկ, որոնց նա ժամանակին հանդիպել է Բաքվում։ «Այս մարդիկ խելացի են, նրանք ցանկանում են կառուցել ավելի ուժեղ, ավելի բարգավաճ, ավելի ժողովրդավարական Ադրբեջան»,- ընդգծել է Բաերը։

Գնահատելով ներկայում Ադրբեջանում քաղաքական ու քաղաքացիական ակտիվություն դրսևորող անձանց նկատմամբ շարունակվող հետապնդումներն ու բանտարկությունները՝ ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանն ասել է՝ «սա Միացյալ Նահանգների մասին չէ, Ադրբեջանի մասին է, Ադրբեջանի ապագայի մասին է»:

«Խադիջա Իսմայիլովայի, Ռասուլ Ջաֆարովի, Ինտիգամ Ալիևի, Յունուսների նման մարդիկ… Նրանք այն մարդիկ են, որոնք հավատում են իրենց երկրի ավելի լավ ապագային, և նրանց բանտում պահելը սարսափելի կորուստ է»,- ասել է դեսպանը։

Նա հիշեցրել է մի շարք երկրների հետ համագործակցելու պատրաստակամության մասին, վերահաստատել Ադրբեջանի հետ ավելի սերտ հարաբերությունների պայմանը՝ վերացնել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները հարգելու խոչընդոտները:

Ադրբեջանը, մինչդեռ, շարունակում է եվրոպական կառույցների դեմ արշավը: Ադրբեջանական Միլի մեջլիսը երեկ ընդունել է հայտարարություն՝ Եվրամիության Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը լքելու գործընթաց սկսելու սպառնալիքով: Ադրբեջանի խորհրդարանն այս քայլով հակադարձում է Եվրախորհրդարանին, որը սեպտեմբերի 10-ին ընդունված բանաձևով պահանջել էր ազատել Խադիջա Իսմայիլովային և քաղաքական դրդապատճառներով ազատազրկված մյուս անձանց:

Բաքվում շարունակում են եվրոպական կառույցների նկատմամբ պատասխան «պատժամիջոցները» կյանքի կոչելու մանրամասների քննարկումները: