Ադրբեջանը սպառնում է լքել Եվրանեսթը

Ադրբեջան - Եվրանեսթի նստաշրջանը Բաքվում, 3-ը ապրիլի, 2012թ․

Միլի մեջլիսի խոսնակը Եվրախորհրդարանի ներկայացուցիչներին մեղադրել է Բակո Սահակյանի «հորդորները կատարելու» մեջ:

Ադրբեջանական Միլի մեջլիսն այսօր ընդունել է հայտարարություն՝ Եվրամիության Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը լքելու գործընթաց սկսելու սպառնալիքով: Ադրբեջանի խորհրդարանն այս քայլով հակադարձում է Եվրախորհրդարանին:

Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 10-ին Ստրասբուրգում ընդունած բանաձևով Ադրբեջանի իշխանությանը կոչ էր արել անհապաղ ազատ արձակել հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային, ինչպես նաև բանտարկված այլ ակտիվիստների, իրավապաշտպանների և փաստաբանների։ Եվրախորհրդարանը նաև Եվրահանձնաժողովին և Եվրամիության անդամ երկրներին հորդորել էր քննարկել «քաղաքական գործերում ներգրավված բոլոր պաշտոնյաների և դատավորների նկատմամբ թիրախավորված պատժամիջոցների և վիզաների արգելքներ կիրառելու հարցը»:

Այսօր Ադրբեջանի Միլի մեջլիսը, իբրև քաղաքական հետապնդումների և բանտարկությունների պատասխանատուներին պատժելու՝ եվրոպական ատյանների մտադրությունների հակադարձում, սպառնում է արգելել Եվրախորհրդարանի, Եվրոպական միության պաշտոնյաների մուտքը Ադրբեջան:

Մինչև Միլի մեջլիսի հայտարարությունը, ադրբեջանական խորհրդարանի խոսնակ նախագահ Օքթայ Ասադովն ասել է. - «Մենք իմացել ենք, որ Եվրոպական խորհրդարանի երկու անդամները, որոնք կողմ են եղել Ադրբեջանի դեմ բանաձևին, սեպտեմբերի 1-ին եղել են Լեռնային Ղարաբաղում և հանդիպել Բակո Սահակյանին: Հավանաբար, նրանք փորձել են լավագույն կերպով իրականացնել Բակոյի հորդորները: Եվ իրենց աշխատանքի դիմաց այնտեղ նվերներ են ստացել: Դա ցույց է տալիս, թե ինչ կոռուպցիոն միջոցներով է աշխատում Եվրոպական խորհրդարանը»:

«Ով եք Դուք, պարոն Շուլց, ձեռք քաշեք Ադրբեջանից», - Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին հեռակա դիմել է Ադրբեջանի օրենսդիր մարմնի ղեկավարը: Օքթայ Ասադովը Եվրոպական խորհրդարանին մեղադրել է «Ադրբեջանի դեմ կազմակերպված արշավ» նախաձեռնելու մեջ, նաև կոչ է արել «չքաղաքականացնել լրագրող Ռասիմ Ալիևի սպանությունը»:

«Անարդար է կենցաղային սպանությունը ներկայացնել իբրև քաղաքական: Նման փաստերի հիշատակումները վկայում են ոչ օբյեկտիվ լինելու մասին», - հայտարարել է Ասադովը:

Ռասիմ Ալիևը օգոստոսին սպանվել է ֆուտբոլի մասին ֆեյսբուքյան գրառման պատճառով: Ընդդիմադիրները պնդում էին՝ իշխանությունն է ապահովում պայմաններ, որ ազատամիտ մարդիկ դառնան հարձակման թիրախ:

Ադրբեջանի իշխանություններին այսօր հիշել են նաև Պրահայում «Ժողովրդավարություն և կրթություն» խորագրով «Ֆորում 2000» խորհրդաժողովի ժամանակ:

Մասնակիցները նկատել են, որ առաջին տարին է, որ խորհրդաժողովին ներկա չէ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող, Իլհամ Ալիևի կոռուպցիոն գործարքները բացահայտած Խադիջա Իսմայիլովան: Նա զանազան մեղադրանքներով դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման: