Ժիրայր Սեֆիլյան․ Իշխանությունները «փրկության օղակ չունեն»

Իրավապահները Ժիրայր Սեֆիլյանին և Գևորգ Սաֆարյանին տանում են Քննչական կոմիտե՝ հարցաքննության: 9-ը ապրիլի, 2015թ․

Աղվան Հովսեփյանի գլխավորած Քննչական կոմիտեն յոթ ամիս ի վեր շարունակում է Ժիրայր Սեֆիլյանի և ընկերների գործով նախաքննությունը՝ այդպես էլ ո՛չ կարճելով, ո՛չ էլ գործը դատարան ուղարկելով:

Սեֆիլյանի համոզմամբ՝ իշխանություններն իրենք էլ չգիտեն ինչ անել, գործը հարուցել էին իրենց շարժումը կոտրելու համար ու հիմա քնեցրել են դարակում․ - «Գործում են ավանդաբար՝ կագեբեական ոճով: Մյուս կողմից նրանք հասկանում են, որ նոր օրեր են, հասկանում են, որ օդում պահելով գործը՝ մեզ չեն կարող վախեցնել: Մյուս կողմից՝ կարճեն, ինչ անեն, չգիտեն․․․ Փրկության օղակ չունեն: Ես մտահոգված չեմ, շատ կարճ ժամանակ է մնացել, որ մեզ հաջողվելու է այս փտախտ առաջացնող համակարգից ազատվել»:

Ըստ մեղադրանքի, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը ծրագրել էր զանգվածային անկարգություններ կազմակերպել ապրիլի 24-ին: Կալանավորումից մեկ ամիս անց Սեֆիլյանն ու ընկերներն ազատ արձակվեցին՝ իրավապահների պատճառաբանությամբ, թե ապրիլի 24-ն արդեն անցել է, և հանցագործությունը ավարտին չի հասցվել:

Սեֆիլյանի հետ ազատազրկված Վարուժան Ավետիսյանը գիտի, թե ինչու է դեռ մեղադրյալի կարգավիճակում․ - «Այդ քրեական գործը հարուցվել է և մեզ ազատությունից զրկել են ապօրինի հրահանգի հիման վրա՝ Բաղրամյան 26-ից: Հակառակ հրահանգը՝ գործը կարճելու, չկա: Ժողովրդական խոսքով՝ իրենց կարճ խելքով իրենց համար լծակ է, հնարավորություն է մեր վրա ազդելու»:

Գևորգ Սաֆարյանի խոսքով՝ ինքը սեփական մաշկի վրա է զգում, որ նաև իր դեմ հարուցված այս գործը քաղաքական ճնշում է․ - «Բաղրամյանի դեպքերի ժամանակ ինձ մոտեցավ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը և բանավեճի ժամանակ ինքը ասեց՝ քեզ խելոք պահի, քրեական գործով սուբյեկտ ես: Այսինքն, ռեժիմի կողմից օգտագործվում է, որպեսզի ճնշումներ գործադրվի»:

Իսկ «Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավար Գարեգին Չուգասզյանին արդեն երկրորդ անգամ թույլ չեն տալիս երկրից դուրս գալ՝ միջազգային մասնագիտական համաժողովների մասնակցելու․ այս գործով անցնող մեղադրյալները քաղաքից չհեռանալու ստորագրություն են տվել:

Բացի այդ, Վարուժան Ավետիսյանի փոխանցմամբ, մինչև օրս իրենց չի վերադարձվել առգրավված գույքը․ - «Միևնույն ժամանակ, իրենք նպատակ են հետապնդել մեզ զրկել քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ գույքից՝ համակարգիչներ, բարձրախոսներ, պլակատներ, դրոշներ, մի քանի հասարակական կազմակերպությունների փաստաթղթեր: Այդ կազմակերպությունները լիարժեք կերպով արդեն գործել չեն կարող, քանի որ փաստաթղթեր չկան, կնիքներ չկան․․․ Խանգարելու, խոչընդոտելու, աշխատանքը խափանելու նաև միտում են ունեցել»:

Բարձրախոսները, օրինակ, «Հիմնադիր խորհրդարան»-ը որպես զորակցություն տրամադրել է քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների: Ընդդիմադիր շարժման ներկայացուցիչներն ասում են, թե միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պարբերաբար հետաքրքրվում են այս գործով, և իշխանություններին միայն կարող է թվալ, թե սառեցնելով լղոզել են:

«Եթե գործը փակեն, ապա այդ գույքը պարտավոր են քեզ վերադարձնել: Այդ գործը ոչ էլ վարվում է, համոզված եմ: Դարակում դրված է․․․ Ուղղակի մեր նկատմամբ քաղաքական հալածանքների համար է օգտագործվում», - ասաց Գևորգ Սաֆարյանը: