Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող հարյուրավոր ցուցարարներ այսօր կրկին փակեցին Երևանի Բաղրամյան պողոտան՝ պահանջելով չեղարկել հոսանքի ավելի քան 17 տոկոս թանկացումը։ Նրանք այս պահին շարունակում են մնալ պողոտայում և կոչ են անում մյուսներին միանալ իրենց։
Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքին հետևեց ցուցարարների երթը։ Ըստ քաղաքապետարանի արտոնագրի՝ երթը պետք է անցկացվեր Սայաթ-Նովա, Աբովյան, Ամիրյան փողոցներով և Մաշտոցի պողոտայով, ավարտվեր Ազատության հրապարակում, սակայն ակտիվիստները շեղվեցին նախապես արտոնված երթուղուց և վազելով մտան Բաղրամյան պողոտա։ Պողոտայի սկզբնամասում ցուցարարներին դիմավորեց ոստիկանական պատը: Այս պահին պողոտան շարունակում է փակ մնալ, ոստիկանությունը ցուցարարներին թույլ չի տալիս առաջ գնալ:
Կազմակերպիչներն ասում են, որ այս անգամ պայքարելու են այնքան ժամանակ, մինչև սակագինը բարձրացնելու որոշումը չեղարկվի։ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը վստահեցրել էր, որ քաղաքացիներն անօրինական գործողությունների չեն դիմի:
Հուլիսին Բաղրամյան պողոտայի ցույցերը նախաձեռնած «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հայտարարել էր, որ իշխանություններն իրենց խաբել են։ Հայաստանում օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Թեև կառավարությունը հայտարարել էր, որ սակագնի ավելացված 6.93 դրամը կսուբսիդավորվի արտաբյուջետային միջոցներից՝ «Որոտան» կասկադի վաճառքի գումարից, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանը հստակեցրել է, որ սուբսիդավորում կտրամադրվի միայն քաղաքացիներին և ամսական մինչև 500 կՎտ էներգիա ծախսող փոքր և միջին ձեռնարկություններին։
Մանրամասներն՝ այստեղ