ԵՄ ներկայացուցչին հրավիրել են Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մալենա Մարդ, արխիվ

Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մալենա Մարդին հրավիրել են երկրի արտգործնախարարություն՝ նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի կապակցությամբ, որը, մասնավորապես, Բաքվին կոչ է անում ազատ արձակել հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային, բանտարկված այլ ակտիվիստներին, իրավապաշտպաններին և փաստաբաններին։

Ինչպես հայտնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարությունը, փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիևը դեսպանին փոխանցել է, որ պաշտոնական Բաքուն դատապարտում է Եվրախորհրդարանի բանաձևը: «Այն կրում է կողմնակալ և ապակառուցողական բնույթ, հարվածում է Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերություններին, ինչպես նաև լուրջ խոչընդոտներ է ստեղծում համագործակցության հետագա հեռանկարների առնչությամբ», - ասել է Մամեդգուլիևը:

Ըստ ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետի՝ բանաձը «լի է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին աղավաղված տեղեկություններով», փաստաթղթում «կանխամտածված քաղաքականացվում են առանձին քրեական դեպքերը»: