Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մուրադյանների ընտանիքին՝ անվանի պետական գործիչ, Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի և Գյումրու պատվավոր քաղաքացի Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ:
«Մուրադ Մուրադյանն իր երկարամյա գործունեությամբ մեծ ավանդ է ներդրել մեր երկրի շենացման, մասնավորապես՝ Երևանի և Գյումրու զարգացման գործում, արժանացել հայրենիքի բարձր պարգևներին: Նա իր հայրենանվեր գործունեությունը արդյունավետորեն շարունակել է նաև Հայաստանի անկախության տարիներին, երկար տարիներ եղել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ներման հանձնաժողովի նախագահը», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է հեռագրում։
Հայաստանի մայրաքաղաքի 1975-85 թվականների քաղաքապետի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղել նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։