Պետական գործչի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Ուղերձում, որի տեքստը հրապարակել է քաղաքապետարանը, մասնավորապես, ասված է. - «Խոր ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է Երևանի պատվավոր քաղաքացի, 1975-1985 թվականներին Երևանի քաղաքապետ, նշանավոր պետական գործիչ Մուրադ Մուրադյանը: Նրա ողջ կյանքը ճշմարիտ հայրենասերի, պետական գործչի լավագույն օրինակ է, ով լինելով իր երկրի իսկական քաղաքացի՝ առաջնորդվում էր բացառապես պետության շահով ու ազգային արժեքներով: Նախ Լենինականում, ապա նաև Երևանում նրա թողած գործերը մնայուն արժեքներ են, որոնցով, համոզված եմ, տարիներ շարունակ իր յուրովի ներկայությունն է ապահովելու մեզանում»։
Մուրադ Մուրադյանը 85 տարեկան էր։ 1965 թվականից նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի կոմկուսի Լենինականի (ներկայումս՝ Գյումրի) քաղաքային կոմիտեում, որտեղ 1968-ին ընտրվել է առաջին քարտուղար: 1975-85 թվականներին Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահն էր, այնուհետև՝ Հայաստանի կոմկուսի կենտկոմի քարտուղար, միաժամանակ՝ շինարարության և քաղաքային տնտեսության բաժնի վարիչ, 1988-90-ին՝ Հայկոոպի նախագահ: 2008-ից Հայաստանի նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի նախագահն էր։
Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: