Ազգային կինոկենտրոնի տնօրեն․ «Տարածքով կինո չեն նկարում»

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, արխիվ:

Ավելի քան մեկ տասնամյակ առաջ սեփականաշնորհված «Հայֆիլմ» կինոստուդիան՝ վերանվանված «Սի Էս ֆիլմզ ստուդիո»-ն այսօր կառավարության որոշմամբ հետ վերցվեց սեփականատիրոջից, քանի որ հիմնադրամն անցած տասը տարիների ընթացքում չէր կատարել ստանձնած պարտավորությունները:

Սեփականատերը՝ Գաֆեսճյան հիմնադրամը չկատարեց իր ստանձնած պարտավորությունը՝ 30 միլիարդ դրամ ներդնել կինոստուդիա հիմնանորոգման, նոր սարքավորումների ձեռքբերման, ֆիլմերի նկարահանման համար: Ընդամենը թվայնացվեցին մի շարք հայկական ֆիլմեր: Բուն կինոստուդիան, սակայն, մնաց անմխիթար վիճակում:

Դեռ անցած տարի կինոգործիչներից շատերը կանխատեսում էին, թե տասնամյա ժամկետը լրանալուն պես կառավարությունը հետ կվերցնի «Հայֆիլմ»-ը: Կինոստուդիայի հետագա ճակատագիրն առայժմ դժվար է կանխագուշակել՝ արդյո՞ք կրկին կմասնավորեցվի, թե՞ կրկին կգործի որպես պետական կառույց:

Մինչդեռ տասը տարի առաջ կինոգործիչներից շատերը հավատացնում էին, որ սեփականաշնորհումից հետո հայ կինոյին հրաշալի ապագա է սպասում, իսկ «Հայֆիլմ» կինոստուդիան տարածաշրջանում «փոքրիկ Հոլիվուդի» դեր էր ստանձնելու:

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը, ով սեփականաշնորհումից հետո «Հայֆիլմ»-ի նախագահն էր, «Ազատության» հետ զրույցում ասաց․- «Երկու եղբայրները խաբեցին․․․ Սաղ թատրոն էր, բլեֆ․․․ Սարգսյան եղբայրները՝ Բագրատ Սարգսյանը և իր եղբայրը: Ոչ մի բան չարեցին: Վերականգման իմաստով արել են․․․ մի քիչ սխալ են թվայնացրել, բայց արել են: Ուրիշ ոչ մի բան չեն արել»:

Ռուբեն Գևորգյանցի կարծիքով, սեփականատերերը մտավախություն ունեին, որ միջոցների ներդրումը կարող էր անիմաստ դառնալ․ - «Հաշվեցին, որ միայն ծախս է լինելու: Օգուտ չի լինելու, որովհետև հայկական կինոն, որ նկարվում է, ինքը ոչ մի օգուտ չի կարող ունենալ, մենք հանդիսատես չունենք․․․ Արտասահման վաճառելն անհնարին է, մեր շուկան պիտի լիներ Ռուսաստանը: Ռուսաստանն էլ այնքան ինքը նկարում է, որ ոչ մի կարիք չունի ուրիշ ֆիլմերի»:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը «Ազատության» հետ զրույցում գոհունակություն հայտնեց, որ վերջապես կինոստուդիան վերադարձավ պետությանը․ - «Ճիշտ բան է արվել: Ներդրումները չարվեցին, հետևաբար պետությունը երևի սպասեց, որ ժամկետը լրանա ու հետ է վերցնում»:

«Շատերը ինձ հարցնում են՝ լավ կինո կնկարվի՞ արդեն: Ես ուզում եմ հասկանան, որ տարածքով կինո չեն նկարում․․․ Լավ ֆիլմ նկարահանելու համար պետք է լավ սցենար, լավ ռեժիսոր, լավ դերասաններ», - ասաց Գևորգյանը:

Ազգային կինոկենտրոնի ղեկավարի կարծիքով, պետությունը կինոն «անմխիթար վիճակից լավագույն վիճակի բերելու» միջոցներ չունի․ - «Ես կարծում եմ, որ դրա համար անհրաժեշտ են ինվեստորներ»: