Մատչելիության հղումներ

Կառավարությունը սկսել է «Հայֆիլմ»-ը հետ վերցնելու գործընթացը


«Հայֆիլմ»-ի ներկայիս սեփականատերը՝ Գաֆեսճյան հիմնադրամը մի քանի հարյուր ֆիլմերի թվայնացումից բացի, մյուս պարտավորությունները չի կատարել։

Մի քանի տասնամյակ առաջ տեղադրված «Հայֆիլմ» գրությամբ քարե կոթողը դեռ կանգնած է՝ չնայած տասը տարի առաջ կինոստուդիան գնած նոր սեփականատերը այն վերանվանել է՝ «Սի Էս ֆիլմզ ստուդիո»։

Սեփականատերը՝ Գաֆեսճյան հիմնադրամը անվանափոխությունից և մի քանի հարյուր ֆիլմերի թվայնացումից բացի, մյուս պարտավորությունները չի կատարել։ 10 տարիների ընթացքում չի ներդրել խոստացված 30 միլիարդ դրամն ու նոր ֆիլմեր չի նկարահանել՝ բացառությամբ սերիալների։ Կառավարությունը սկսել է կինոստուդիան հետ վերցնելու գործընթացը։

«Սի Էս ֆիլմզ ստուդիոն»-ի տնօրեն Խաչատուր Ցոկոլոկյանը այս մասին խոսել չցանկացավ․ - «էս պահի դրությամբ ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ, միգուցե միառժամանակ անց, երբ հստակություն լինի, էդ ժամանակ զրուցենք»։

Տեղում նկարահանումներ կատարելու մեր համառ պնդումներին ևս տնօրենը չարձագանքեց՝ ասելով, թե շենքն այնքան էլ լավ վիճակում չէ։ Մինչդեռ սեփականատերը պարտավորվել էր այն վերանորոգել և համապատասխանեցներ հոլիվուդյան չափանիշներին։

Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը, ով նոր կինոստուդիայում խորհրդի նախագահի պաշտոնն էր ստանձնել, նշում է, որ սկզբնական շրջանում աշխատանքներ կատարվել են․ - «Արվեց 60-70 տոկոսով թվայնացում մեր հին ֆիլմերի, որը, ես կարծում եմ, որ շատ անհրաժեշտ էր ու լավ էր: Չնայած կան շատ մարդիկ, որ ասում են սխալ է արվել․․․ բայց լավ էր որ դա արվեց: Եվ երկրորդ հարկը վերակառուցվեց, պատուհաններ փոխվեցին։ Իրենց թվում էր, որ իրենք կսկսեն ֆիլմեր նկարել: Բայց հետո տեսան, որ այդ ֆիլմերը շուկա չունեն: Վերին ատյաններում զրույցներ ա գնացել Գաֆեսճյան ընտանիքի, Գաֆեսճյանի աղջկա հետ՝ շատ բարյացկամ: Պայմանավորվել են երկու կողմից և ասել, որ իրենք դեմ չեն, եթե պետությունը հետ վերցնի»։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը կինոստուդիայի վաճառքի ժամանակ եզակի ընդդիմացողներից էր, ում ձայնը այն ժամանակ լսելի չեղավ։ Նրա կարծիքով, «Հայֆիլմ»-ը պետք է ոչ միայն հետ վերցնել, այլև մեղավորներին պատասխանատվության ենթարկել․ - «Զարմացած եմ, ինչո՞ւ մեկ տարի, երկու տարի հետո, երբ տեսան քանդված կինոստուդիան, երբ տեսան քանդված ֆիլմերը, երբ տեսան չհաջողված սուտ գունավորումը կամ թվայնացումը..․ Նրանց պետք է դատի տալ, դատի տալ մարդկանց, որոնք քանդեցին կինոստուդիան»։

1930-ականներին հիմնադրված Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան հանրապետությունում կինոարտադրությամբ զբաղվող միակ ընկերությունն էր։ Այստեղ ավելի քան 350 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր, 150 մուլտֆիլմեր և տասնյակ կարճամետրաժ ֆիլմեր են արտադրվել, իսկ վերջին տասնամյակում, սերիալներից բացի, այլ ֆիլմեր չեն նկարահանվել:

«Լավ, վաճառվեց: Անկախ նրանից, որ ոմանք դեմ էին, որ վաճառվի: Բայց լսող չկար։ Վաճառքի ժամանակ դրված էր մի պայման, որը շատ կարևոր է, որ նա, ով գնելու է այդ տարածքը, այնուամենայնիվ, իրավունք չունի այլ նպատակներով օգտագործի այդ տարածքը: Այսինքն, դա օգտագործվելու է որպես կինոստուդիա», - «Ազատության» հետ զրույցում ասաց դերասան և ռեժիսոր Աշոտ Ադամյանը՝ հավելելով․ - «Հարևան վրացիները պահպանեցին իրենց հին կինոստուդիան՝ կառուցելով նաև նորը: Իսկ մենք եղածն էլ ենք քանդում»:

Վրաստանի կինոստուդիաները հիմա նաև օտարազգի ռեժիսորների են հրապուրում․ Բոլիվուդն այստեղ արդեն 3 ֆիլմ է նկարահանել։ Ընդ որում, փորձագետները պնդում են, որ այդ հետաքրքրությունը պատահական չէ. ոլորտը գրավիչ դարձնելու համար Վրաստանի կառավարությունը վերադարձնում է արտասահմանյան ընկերությունների՝ ֆիլմարտադրության համար ծախսած գումարի 20 տոկոսը և արտոնութուններ սահմանում, եթե կինոնկարում վրացական թեմատիկա ներառվի։

Հայաստանի կառավարությունը, մինչդեռ, պետք է որոշում կայացնի՝ երբեմնի հզոր ֆիլմարտադրություն ունեցող «Հհայֆիլմ»-ը պահե՞լ պետության միջոցների հաշվին, թե՞ նորից վաճառել։

Աշոտ Ադամյանի կարծիքով, «Հայֆիլմ»-ը պետք է ազգի սեփականություն դառնա, իսկ կինոմատոգրաֆիային՝ նոր շունչ տրվի․ - «Էդտեղից պետք ա վերցնել և ոնց որ ասում են, ազգայնացնել վերջապես: Հերիք եղավ․․․ Եթե ո՛չ կառավարությունն ա կարողանում պահի, ո՛չ էլ գնորդներն են կինոն սիրող մարդիկ, ինչո՞ւ եք վաճառում։ Փո՞ղ ա պետք շատ արագ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG