Առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունը աճել է 4.4 տոկոսով. վարչապետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունն աճել է 4.4 տոկոսով, այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի նշած տնտեսական աճը, սակայն, գրանցվել է արտաքին ու ներքին առևտրի, հարկահավաքման և օտարերկրյա ներդրումների նկատելի անկման և գործազրկության աճի ֆոնին:

«Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է առաջին կիսամյակի տնտեսական աճի ցուցանիշերը: Առաջին եռամսյակում, ըստ ճշգրտված տվյալների, ունեցել ենք ՀՆԱ-ի 2,5 տոկոս, իսկ երկրորդ եռամսյակում 5,1 տոկոս տնտեսական աճ, արդյունքում ունենք շուրջ 4.4 տոկոս կիսամյակային տնտեսական աճ»,- հայտարարեց վարչապետը։

Փաստորեն, վարչապետը ընդամենը 0.1 տոկոսով սխալվեց, երբ ամսվա սկզբին Գյումրիում լրագրողներին ասաց, որ կիսամյակը փակելու ենք 4.5 տոկոս աճով, և դա այն պարագայում, երբ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հավաստմամբ՝ Ազգային վիճակագրական ծառայությունը այդ ժամանակ դեռ չէր ամփոփել կիսամյակի տվյալները:

Տնտեսագետները մեղմ ասած զգուշավորությամբ են մոտենում Հովիկ Աբրահամյանի ներկայացրած պաշտոնական թվերին, քանի որ տնտեսության վիճակը բնութագրող մի շարք առանցքային ցուցանիշներ այլ բան են վկայում:

Օրինակ, ԱՎԾ-ի տվյալներով, այս տարվա առաջին վեց ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի արտաքին առևտուրը նվազել է գրեթե 20 տոկոսով: Կրճատվել է նաև ներքին առևտուրը՝ 4.7 տոկոսով։

Հաջորդ կարևոր ցուցանիշը՝ այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շարունակաբար ավելացել է աշխատանք փնտրողների թիվը: Ըստ ԱՎԾ-ի, 2015թ․ հուլիսին՝ նախորդ հուլիսի համեմատ, աշխատանք փնտրողների քանակը 36.4 տոկոսով ավելի է (86 414 հոգի):

Գրեթե 3 անգամ նվազել են նաև օտարերկրյա ուղղակի ներդրումները: ԱՎԾ-ի տվյալներով, եթե անցած տարվա հունվար-հունիսին դրանք շուրջ 180 միլիոն դոլար էին, այս տարվա առաջին կիսամյակում հասել են՝ 65 միլիոնի:

Եվ վերջապես հարկերը. Ֆինանսների նախարարության համաձայն՝ 2015թ․ առաջին կիսամյակում կառավարությունը կարողացել է հավաքել 1 միլիարդ 59 միլիոն դոլար հարկ, ինչը գրեթե 13.5 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից:

«Հայկական ժամանակի» տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը հարց բարձրացրեց՝ ինչպե՞ս կարող է երկրի ներքին ու արտաքին առևտուրը կրճատվեն, հարկերը ավելի քիչ հավաքեն, գործազրկությունն աճի, բայց տնտեսությունը աճ գրանցի, օտարերկրյա գործարարներն էլ խուսափեն ներդրում կատարել աճող տնտեսությունում:

«Տնտեսական աճը էնպես չէ, որ ուղղակի մի ցուցանիշ հրապարակվում է և դրանով ամեն ինչ պարզ է լինում։ Դրանք համեմվում են բազմաթիվ այլ ցուցանիշներով, որոնցից կարելի է հասկանալ մոտավորապես ներկայացված տնտեսական աճը որքանով է հավաստի։ Իմ կարծիքով՝ ԱՎԾ-ի ներկայացրած վերջին ցուցանիշները չափազանց անհավաստի, որևէ վստահություն չեն ներշնչում»,- ասաց Գևորգյանը։