ՀԷՑ-ը բաց մրցույթ է հայտարարել աուդիտորական ծառայությունների մատուցման համար

ՀԷՑ-ի շենքը Երևանում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑ) բաց մրցույթ է հայտարարել աուդիտորական ծառայությունների մատուցման համար:

ՀԷՑ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում ասվում է, որ «ՀԷՑ-ի 2009-2014 թվականների ծախսերի աուդիտի, համաձայնեցված ընթացակարգերի իրականացման ու համապատասխանության աուդիտի անցկացման տեխնիկական առաջադրանքը» պատրաստվել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Ռուսաստանի Էներգետիկայի նախարարության միացյալ ջանքերով: Մասնակիցներին ներկայացվող պահանջները ներառված են մրցութային փաստաթղթերում։

«Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները։ Նախնական գնահատականներով աուդիտի անցկացման ժամկետը կկազմի երեք ամիս: Մրցութային հայտերը պետք է ներկայացվեն ոչ ուշ քան 2015 թվականի սեպտեմբերի 30-ի 10:00», - ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, ի պատասխան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու մասին՝ նշելով, որ մինչև աուդիտի ավարտը էլեկտրաէներգիայի թանկացման բեռն իր վրա կվերցնի Հայաստանի կառավարությունը։