Մամեդյարովը ԵԽԽՎ զեկուցողին բողոքել է Սարսանգի ջրամբարի հարցով

Սարսանգի ջրամբարը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր ընդունել է ԵԽԽՎ զեկուցող, բոսնիացի խորհրդարանական Միլիցա Մարկովիչին, ով նախօրեին Բաքու է այցելել «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչներին միտումնավոր ջրազրկելու մասին» զեկույցը նախապատրաստելու նպատակով:

Ադրբեջանական contact.az լրատվական կայքի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում նախարար Մամեդյարովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ սահմանամերձ գոտու ադրբեջանական բնակչությունը զրկված է Լեռնային Ղարաբաղում գտնվող Սարսանգի ջրամբարից օգտվելու հնարավորությունից։

«Հայերը թույլ չեն տալիս օգտվելու ջրից»,- ադրբեջանցի նախարարի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը։

Պաշտոնական Ստեփանակերտը մի քանի անգամ պատրաստակամություն է հայտնել համատեղ օգտագործել Սարսանգի ջրամբարը. Բաքուն մինչդեռ չի արձագանքել։