Մատչելիության հղումներ

Ղարաբաղն Ադրբեջանին համագործակցության կոչ է անում


Սարսանգի ջրամբարը, արխիվ
Սարսանգի ջրամբարը, արխիվ

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստակամություն են հայտնում Ադրբեջանի հետ երկխոսություն սկսել ջրային ռեսուրսների համատեղ կառավարման շուրջ:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը՝ ընդգծելով, որ խոսքը ինչպես Սարսանգի ջրամբարի, այնպես էլ Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող ջրերի մասին է:

«Սարսանգի ջրամբարի հնարավորությունները ավելի մեծ են, քան մենք օգտագործում ենք, և խորհրդային տարիներին կառուցված ջրանցքները ճիշտ օգտագործելու դեպքում դրանից կօգտվեն և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը», - մեզ հետ զրույցում մանրամասնեց Աղաբեկյանը:

Եթե Ադրբեջանը չարձագանքի համագործակցության կոչին, Լեռնային Ղարաբաղի կառավարությունը ստիպված է լինելու խոշոր ներդրումներ անել` հզոր պոմպակայանների միջոցով Ղարաբաղի սահմանամերձ գոտիներում գտնվող ջրային ռեսուրսները միայն սեփական տարածքներ մղելու համար:

«Մենք Սարսանգի ջրերի օգտագործումը էլեկտրական հոսանք արտադրելու համար ժամանակացույցը ընտրում ենք այնպես, որ այն հարմարեցվի միայն մեր շահերին, իսկ երկխոսության դեպքում մենք այն կարող ենք ծառայեցնել երկուստեք շահերի: Ջրբաժան ամենակարևոր կետը գտնվում է հենց Թարթառի շրջանում և երկխոսության դեպքում մենք այդ ջրբաժան կայանը կարող ենք ճիշտ օգտագործել և՛ ադրբեջանական կողմին մատակարարել ջուր, և՛ մեր գյուղատնտեսության համար հատկացված տարածքները դարձնել ջրովի», - ասում է ԼՂ փոխվարչապետը:

ԼՂ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյան, արխիվ
ԼՂ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյան, արխիվ
Նախկին զինվորական, դաշնակցական քաղաքական գործիչ Արթուր Աղաբեկյանը, ով, շուրջ մեկ տարի առաջ Երևանից տեղափոխվելով Ստեփանակերտ, նշանակվեց փոխվարչապետի պաշտոնում, իր այս ուշագրավ հայտարարությունը դիտարկում է նաև երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համատեքստում:

«Վերջը` հարևան երկիր է, այսօր թշնամի է, վաղը դառնալու է ոչ բարեկամ, և պետք է մենք կարողանանք ժամանակի ընթացքում ժողովուրդներին պատրաստել խաղաղության», - ասում է Աղաբեկյանը, - «Կարծում եմ` սահմանային ցանկացած համագործակցություն, որից կհետևի զինադադարի ռեժիմի պահապնություն, որից կհետևի փոխադարձ հանդուրժողականություն, վստահ եմ, որ մենք միշտ էլ պատրաստակամ ենք եղել նման համագործակցության գնալու»:

Վերջին օրերին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ադրբեջանի Թարթառի շրջանի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով տեղական իշխանություններից ջուր տրամադրել գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG