«Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցները կրկին բողոքում են

«Վանաձոր-Քիմպրոմի» բանվորների բողոքի ցույցը մարզպետարանի շենքի մոտ: 27-ը ապրիլի, 2014 թ․

Նրանք պահանջում են իրենց չվճարված աշխատավարձը:

«Վանաձորի-Քիմպրոմ»-ի աշխատակիցները մեկամսյա դադարից հետո այսօր կրկին բողոքի ցույց անցկացրին Լոռու մարզպետարանի շենքի առջև՝ պահանջելով 8 ամիսների չվճարված աշխատավարձը:

«Ազատության» հետ զրույցների ընթացքում քիմպրոմցիները դիմում էին երկրի նախագահին, կառավարությանը՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին:

«Բարի եղեք, աշխատացրել եք՝ պայմանագրի ձեր կետերը կատարեք: Կառավարությանը ես դրա համար եմ բողոքում․ քո քաղաքացու իրավունքները ոտնահարում են, բարի եղեք, պաշտպանեք: Իմ պահանջը մենակ դա ա: 100-150 հոգի գործարանի աշխատողների պահանջը նույնն ա», - «Ազատության»-ն ասաց ցուցարարներից մեկը:

Դեռ մեկ ամիս առաջ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը գործարանի բանվորների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր հետամուտ լինել խնդրի լուծմանը՝ հորդորելով սպասել մինչև նաիրիտցիների աշխատավարձի հարցի լուծումը և խոստանալով, թե դրանից հետո կառավարությունը կանդրադառնա նաև «Քիմպրոմ»-ի աշխատակիցների խնդրին:

Ցուցարարներին այսօր չհաջողվեց հանդիպել մարզպետի հետ: Վերջինս արձակուրդում է: Մարզպետարանի աշխատակիցներն ասում էին, թե իրենք «իրավասու չեն», որևէ տեղեկություն չունեն գործարանի բանվորների աշխատավարձի մասին:

Մարզպետարանի ներկայացուցիչները քիմպրոմցիներին խնդրեցին հավաքվել երկու օր հետո:

Ի նշան բողոքի՝ ցուցարարները մի քանի րոպեով փակեցին երթևեկությունը Վանաձորի կենտրոնական հրապարակում՝ խոստանալով երկու օր հետո ավելի կոշտ քայլերի դիմել: