Մատչելիության հղումներ

«Վանաձոր քիմպրոմ»-ի աշխատակիցներն անցկացրին հերթական բողոքի ցույցը


«Վանաձոր Քիմպրոմ»-ի աշխատակիցները սպառնում են գործադուլ սկեսել սեպտեմբերի մեկից
please wait

No media source currently available

0:00 0:03:38 0:00

Վաղ առավոտից կրկին բողոքի ցույցի էին ելել «Վանաձոր քիմպրոմ»-ի աշխատակիցները՝ պահանջելով, որ գործարանի ղեկավարությունը վճարի իրենց աշխատավարձը:

Հակառակ դեպքում ցուցարարները սպառնում էին, որ սեպտեմբերի 1-ից գործադուլ կսկսեն:

«Մենք հիմա որոշել ենք ամսի 1-ից աշխատանքի չգալ, որովհետև մեզ չեն վճարում, խոստումները չեն կատարում: Մենք այլևս չենք կարողանում ընտանիք պահել», - «Ազատությանն» ասաց բողոքավորներից մեկը:

«Մեր պահանջը միայն դա է՝ մարեն ամբողջ աշխատավարձը», - հավելեց մեկ ուրիշը: - «Հակառակ դեպքում կգնանք ամեն տեսակ քայլերի: Սոված մարդը ամեն քայլ էլ ընդունակ է: Իսկ եթե 70 օրը մեկ մի հատ աշխատավարձ տան, ո՞ւմ չի պարզ, որ ոչ մեկը չի բավարարվի դրանով»:

Գործարանի աշխատողները պարբերաբար ցույցեր են անում ու նույն պարբերականությամբ էլ խոստումներ են ստանում, թե շուտով աշխատավարձ կլինի: Երկրի նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը դեռևս հուլիսին խոստացել էր, որ մինչև օգոստոսի 10-ը բանվորները կստանան մեկ ամսվա աշխատավարձը: Սակայն առայսօր քիմպրոմցիները աշխատավարձ չեն ստացել:

Ցուցարարներն այդպես էլ չարժանացան գործարանի տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովի ընդունելությանը: Իսկ տնօրենի խորհրդատու Արթուր Ստեփանյանի հետ հանդիպմանը նրանք պահանջեցին ներկայացնել աշխատավարձերի մարման հստակ ժամանակացույց:

Պահանջները լսելուց հետո Ստեփանյանն ասաց, թե ինքը իրավասու չէ բավարարել նրանց պահանջները:

Շաբաթներ առաջ «Քիմպրոմ»-ի աշխատակիցները իրենց խնդիրները ներկայացրել էին նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նա խոստացել էր զբաղվել այդ խնդրով, սակայն որևէ արդյունք առայժմ չկա:

«Վարչապետի մոտ հարց ենք բարձրացրել, մարզպետի մոտ հարց ենք բարձրացրել, ու մեր կոչեցյալ պայքարը ընդհանրապես ոնց որ գլխով պատին խփես», - վրդովված ասած ցուցարարներից մեկը:

Քիմպրոմցիներն արդեն հոգնել են անպտուղ բողոքներից․ - «Այս հարցը Հայաստանի չի լուծելու: Ի՞նչ անենք, դիմենք Բարաք Օբամայի՞ն: Ամերիկա գրենք ուրեմն, Անգլիա»:

Արթուր Ստեփանյանը, մինչդեռ, զարմացավ, երբ լսեց, որ աշխատողներից շատերը 11 ամսվա աշխատավարձ չեն ստացել: Կրկնեց, որ ինքը ոչինչ չի կարող անել՝ հավաքվածներին խորհուրդ տալով հանդիպել տնօրենի հետ:

XS
SM
MD
LG