Կարճվել է մի շարք աղմկահարույց գործերով հանրությանը հայտնի փաստաբան Տիգրան Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը։
Հատուկ քննչական ծառայությունը փաստաբանին մեղադրում էր «սադրիչ հարցեր տալու և չափից ավելի միջնորդությունների համար»:
«Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ քննարկելով փաստաբանի գործողությունները՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը եկել է այն եզրահանգման, որ փաստաբանի կողմից գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակը չի հիմնավորվել», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում:
Կոմիտեն նաև նշում է, որ «նկատի ունենալով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա, որպիսի հանգամանքն առկա է տվյալ դեպքում, այսինքն՝ առկա է քրեական վարույթը բացառող հիմք՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը որոշում է կայացրել կարճել քրեական գործի վարույթը և փաստաբանի նկատմամբ չիրականացնել քրեական հետապնդում՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով»: