Մի շարք աղմկահարույց գործերով հանրությանը հայտնի փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր ինքն է հայտնվել Հատուկ քննչական ծառայության թիրախում․ ՀՔԾ-ն փաստաբանին մեղադրում է «սադրիչ հարցեր տալու և չափից ավելի միջնորդությունների համար»:
«Ազատության» հետ զրույցում Հայրապետյանը տարակուսած էր՝ Հայաստանում օրենքը փաստաբաններին չի սահմանափակում միջնորդությունների հարցում: Իսկ ինչ վերաբերում է «սադրիչ հարցեր» ձևակերպմանը, ապա այն փաստաբանին հիշեցրել է ստալինյան ժամանակները․ - «Այսպիսի գործողություններով խոչընդոտվում է փաստաբանական գործունեությունը»:
Տիգրան Հայրապետյանն է պաշտպանել բնապահապան Մարիամ Սուխուդյանին, ով ահազանգել էր Նուբարաշենի հատուկ դպրոցի ուսուցչի կողմից սաների նկատմամբ անբարո գործողություններ կատարելու մասին: Այսօր Հայրապետյանն իրականացնում է Բյուրեղավանի գիշերօթիկի սաների շահերի պաշտպանությունը, ովքեր բարձրաձայնել էին դպրոցում տեղի ունեցած յուրացումների և տնօրենի կողմից ծեծի ենթարկվելու մասին: Փաստաբանն իրականացնում է նաև Հիմնադիր խորհրդարանի անդամների շահերի պաշտպանությունը:
Քրեական գործը, սակայն, կապ ունի ոչ պակաս աղմկահարույց պատմության հետ: Անցած տարվա նոյեմբերին «Ազատությունը» անդրադարձել է այդ պատմությանը, երբ հայտնի դարձավ, որ Երևանի բնակչուհի Ժուլիետա Ամալիկյանին, ով եղբոր հետ սեփականության իրավունքի շուրջ տարաձայնություններ ունի, ոստիկանները բռնի տեղափոխել էին Ավանի հոգեբուժարան, ուր, ըստ տիկնոջ, իրեն խոշտանգումների են ենթարկել:
Մեկ ամիս հոգեբուժարանում անցկացրած Ամալիկյանին պատահաբար հանդիպել էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցները, որոնց առաջարկով էլ Տիգրան Հայրապետյանը ստանձնել է տիկնոջ շահերի պաշտպանությունը, ինչից անմիջապես հետո նույն հոգեբուժարանն անսպասելիորեն պարզում է, որ Ամալիկյանը առողջ է, և նա դուրս է գրվում:
Ավելին՝ փաստաբանի ջանքերի շնորհիվ Վերաքննիչ դատարանը բեկանում է առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի Ժուլիետա Ամալիկյանը պետք է հարկադիր բուժման ենթարկվեր հոգեբուժարանում:
Տեղի ունեցածի առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվում՝ հոգեբուժարանում խոշտանգումների և անհիմն դատական որոշում կայացնելու հատկանիշներով:
Սակայն, ըստ Տիգրան Հայրապետյանի, ՀՔԾ-ի քննիչ Լևոն Մելքոնյանը հավանաբար որոշում է այդ քրեական գործը կարճել ու այդ նպատակով կրկին փորձաքննություն է նշանակում՝ ցանկանալով ապացուցել, որ Ժուլիետա Ամալիկյանը իրականությունը չի ընկալում, և դա անում է «ուշագրավ եղանակով»: Քննիչը հրավիրում է Ամալիկյանին իբր առերեսման, սակայն ոստիկանների միջոցով հարկադրաբար ենթարկում է փորձաքննության՝ առանց նրա փաստաբանի: Երբ 15 րոպե ուշացած գալիս է Հայրապետյանը, նրան հայտնում են, որ փորձաքննություն է տեղի ունեցել, և իրենց համար արդեն պարզ է Ամալիկյանի հոգեկան վիճակը:
«Ընդամենը հարցրել եմ՝ չէ՞ որ դուք գիտեիք, որ նա ունի ներկայացուցիչ, ինչո՞ւ չսպասեցիք: Սա լսելուց հետո փորձագետներից մեկը հասկացավ, որ իրենք խախտում են կատարել, իսկ մյուս փորձագետը քննիչին հարցրեց՝ իրենք չգիտեի՞ն փորձաքննության կատարման օրը և ժամը: Քննիչն ասաց՝ ոչ, չգիտեին: Հասկացան, որ խախտում է տեղի ունեցել․․․ քննիչին ասացին՝ մենք չեն կարող շարունակել», - պատմեց փաստաբանը:
Հայրապետյանն ասաց, որ այդ օրը փորձագետների հետ իր խոսակցությունը ձայնագրել է, և այդ խոսակցությունից հետո էլ ՀՔԾ-ի քննիչը զեկուցագիր է գրում, թե իբր փաստաբանը խոչընդոտել է փորձաքննությունը՝ սադրիչ հարցեր ուղղելով: Արդյունքում ՀՔԾ-ի մեկ այլ քննիչ՝ Խ․ Մեջլումյանը հարուցել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 332 հոդվածով:
Ի դեպ, դեռ մայիսին հարուցված քրեական գործի մասին Տիգրան Հայրապետյանը տեղեկանում է միայն երկու շաբաթ առաջ:
Փաստաբանը քրեական գործի հարուցումը բնորոշեց որպես ճնշում իր նկատմամբ և փաստաբանության դեմ ուղղված քայլ․ - «Փորձաքննությունը քննչական գործողություն չէ, և ես ամենամեծ ցանկության դեպքում չէի կարող միջամտել քննչական գործողություններին: Բացի այդ, երբ որ ես միջնորդություն եմ ներկայացրել, և իմ միջնորդությունը հենց դատախազն է բավարարել, ինչպե՞ս կարող են իմ գործողություններն անօրինական լինել»:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը «զավեշտ» բնութագրեց տեղի ունեցածը․ - «Քննիչը, լինելով մրցակցության մյուս սուբյեկտը, փաստորեն որոշել է իր մրցակցից վրեժ լուծել՝ քրեական գործ հարուցելու միջոցով: Ես կարծում եմ, որ սա ուղղակի ճնշում է փատաբանի նկատմամբ: Փաստաբանների պալատը կանգնած է փաստաբան Տիգրան Հայրապետյանի կողքը, և ամեն միջոց ձեռնարկելու ենք, որպեսզի այս զավեշտը վերացվի»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով, Տիգրան Հայրապետյանի դեմ քրեական գործի հարուցումը հետապնդում է փաստաբանական գործունեության նկատմամբ:
Երկու օրվա ընթացքում Հատուկ քննչական ծառայությունից այդպես էլ չարձագանքեցին «Ազատության» հարցումներին: