Մեղադրող կողմը պահանջեց 14 տարվա ազատազրկման դատապարտել Հայկ Կյուրեղյանին

Հայկ Կյուրեղյանը դատարանի շենքի դիմաց՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին, 12-ը հունիսի, 2014թ.

Մեղադրող Հարություն Սարգսյանի խոսքով, Կյուրեղյանը չի ընդունել մեղքը։

Մեղադրողն այսօր պահանջեց 14 տարվա ազատազրկման դատապարտել Հայկ Կյուրեղյանին՝ մեկ տարի առաջ դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու համար։

Մեղադրող Հարություն Սարգսյանը խիստ պատժաչափ սահմանելու իր միջնորդությունը ներկայացնելիս պնդեց, որ դատական համակարգի բողոքի դուրս եկած Կյուրեղյանը չի ընդունել մեղքը, նրա արարքը հասարակության համար վտանգավոր է, և «պատժելով կկանխվեն նման վտանգավոր արարքները հասարակական վայրերում»։ Դատական նիստին ներկաները բուռն արձագանքեցին։

«Ցմահ, կամ միանգամից գնդակահարություն տայիք», - բղավեցին ներկաները։

32-ամյա Հայկ Կյուրեղյանը ազատարզկված է անցյալ տարվա հունիսից, երբ Շանթ Հարությունյանի և համախոհների գործով դատավարության առաջին օրը Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց բարձրացել էր կայանված մեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել ոստիկանների ուղղությամբ: Նա հայտարարել էր, թե «Արժեքների հեղափոխության» կոչերով փողոց դուրս եկած Շանթ Հարությունյանին դատում են քաղաքական հայացքների համար, և ինքը փորձելու է խափանել նիստը:

Հիմա ինքն է մեղադրվում՝ զենքի գործադրմամբ՝ խուլիգանության և ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնության համար։

Դատական նիստերին հետևող հոր համար մեղադրողի այսօրվա ճառն անսպասելի չէր։

«Այս գործը՝ սկզբից մինչև վերջ, ցույց է տալիս, որ որդիս դատվում է իր քաղաքական հայացքների համար», - ասաց Արմենակ Կյուրեղյանը։ - «Դա սովորական պատժամիջոց է ռեժիմի կողմից, որը կայացնում է ցանկացած մարդու, ցանկացած խմբի, ցանկացած ուժի նկատմամբ, որը սպառնում է իրենց իշխանությանը։ Պատժամիջոցն անում են, որպեսզի մյուսների համար դաս լինի, հանկարծ չփորձեն օրինակ վերցնել։ Բայց չգիտեն, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք չեն վախենում ո՛չ պատժից, ո՛չ մի բանից։ Հանուն արդարության և հանուն իրենց երկրի, պատրաստ են ամեն ինչի։ Շատ մարդիկ կան Հայաստանում», - ասաց Կյուրեղյանի հայրը։

Իրավապաշտպաններն ու Հայկ Կյուրեղյանի փաստաբանները ևս պնդում են, որ նա պատժվում է «իշխող վարչակազմին դեմ գնալու և քաղաքացիական անհնազանդության համար»։

«Սրանով դատախազությունը ցույց տվեց իր ավտորիտար բնույթը, այն, որ չի հանդուրժի քաղաքացիական անհնազանդության ցանկացած դրսևորում», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: - «Սա ուղղակի արդարադատության խայտառակությունն է: Այսօր մենք ունենք քաղաքական հետապնդման հերթական զոհը՝ հանձինս Հայկ Կյուրեղյանի»:

Իրավապաշտպաններն ուշադրություն են հրավիրում «աղաղակող անօրինականության» վրա: Կյուրեղյանի դատավարությունն անցավ առանց ամբաստանյալի մասնակցության․ ոտքի չկանգնելու համար դատավորը նրան հեռացրել էր նիստերի դահլիճից:

Արթուր Սաքունցը նշում է, որ դատավորը կարող էր բավարարվել տույժով, սակայն որոշեց Հայկին զրկել պաշտպանվելու իրավունքից․ - «Պատժիչ գործողություն քաղաքացիական անհնազանդության ակցիա կատարած քաղաքացու նկատմամբ, որովհետև եթե համեմատում ենք․․․ հենց նույն Լիսկայի, Նեմեց Ռուբոյի կամ մյուս օլիգարխների կողմից, կամ իշխանության կողմից կատարված հանցագործությունների հետ, ապա տեսնում ենք, որ ինքը ոչ միայն անհամաչափ է, այլև անհիմն է»:

Անիմաստ համարելով արդարության հասնելու ջանքերը հայաստանյան դատական համակարգում՝ Կյուրեղյանն անգամ պաշտպանից էր հրաժարվել: Նրա նախկին պաշտպան Անժելա Հոբուսյանը ևս պնդում է, որ այս գործողություններով իշխանությունը խախտել է իր նախկին պաշտպանյալի բոլոր իրավունքները․ - «Եթե նախաքննության ընթացքում անձը հրաժարվել է ցուցմունք տալուց, իսկ մյուսները մեղադրող ցուցմունքներ են տվել՝ այդ թվում այսպես կոչված տուժողները, նախաքննական մարմինը պարտավոր էր առերեսում կատարել տուժողների և Հայկ Կյուրեղյանի միջև, սակայն չի կատարել: Այսինքն, միայն ոստիկանների ցուցմունքի հիման վրա դատախազը այդպես միջնորդեց»:

Նիստից հետո մեղադրողի պահանջած խիստ պատժաչափից բորբոքված ակտիվիստները զուգահեռներ էին տանում ՀՀԿ-ական գործիչների հետ կապված աղմկահարույց պատմությունների ու այս գործի միջև:

«Մարդ ա սպանել ու ազատ ա արձակվել: Էս տղան իր բողոքի ձայնը արտահայտել ա յուրահատուկ ձևի: Այստեղ խնդիրը մենակ Հայկ Կյուրեղյանի դատավարությունը չի: Այս իրավական բեսպրեդելի, այս ռեժիմի սանձարձակ պահվածքի վերջը տալ ա պետք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը:

Դատականի նիստը կշարունակվի սեպտեմբերի 11-ին: