Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդիպումից հետ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումները քննարկելու նպատակով երեկ իրեն է զանգահարել նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը և Սերժ Սարգսյանի անունից փոխանցել առաջարկություն։
«Նա ասաց, որ չորեքշաբթի օրը, երբ որ ինքը սկսելու է [սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ] կոնսուլտացիաների շարքը, սկսել այդ շարքը հենց Հայ ազգային կոնգրեսով։ Ես պատասխանել եմ հետևյալը․ «Մենք շատ լավ հասկանում ենք սահմանադրական այս ամբողջ գործընթացի նպատակը: Այդ նպատակը մենք համարում ենք անընդունելի և դրա մասին մեր հանրային դիրքորոշումը հայտնել ենք։ Եվ մենք վստահ ենք, որ որևէ խոսակցություն այդ առումով իմաստ չունի, քանի որ այդ նպատակը միևնույն է չի փոխվելու»», - ասաց Զուրաբյանը։
Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում ևս Զուրաբյանը խստորեն քննադատել է Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները: Նա պնդել է, թե գործող Սահմանադրությամբ նույնպես իշխանությունները կվերարտադրվեն, իսկ փոփոխված Սահմանադրության նպատակը կոնկրետ Սերժ Սարգսյանի վերարտադրությունն է:
«Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական կոնսենսուս չկա: Այն կար, երբ երեք կուսակցություններ միասնական պայքար էին սկսել ընդդեմ բարեփոխումների: Ահաբեկչական հարձակման արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքական դաշտից, ինչի արդյունքում սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող երեք ուժերի միությունը լուծարվեց․․․ Սա՞ է կոնսենսուս ստեղծելու միջոցը», - հայտարարել է Զուրաբյանը:
Ի պատասխան միջազգային փորձագետները նշեցին, որ «իրավիճակի վերաբերյալ խոսել չեն կարող»: Թեև ավելի վաղ Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ էր տվել ապահովել «քաղաքական լայն կոնսոլիդացիա», հանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստոֆ Գրաբենվարթերը հրաժարվեց խոսել այդ մասին՝ պնդելով, որ դա իրենց խնդիրը չէ:
Հանդիպման ընթացքում քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպություններին ներկայացուցիչները հիմնականում հնչեցրին իրենց մտահոգությունները խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու և առավելագույն քվեներ ստացած երկու քաղաքական ուժերի միջև երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթը:
Բարեփոխումների հարցում դիրքորոշումը մեղմացրած ԲՀԿ-ի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց՝ արդյո՞ք երեկ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ միջազգային փորձագետները այս հարցում փոխհամաձայնության հասել են: Պատասխանը հետևյալն էր․ «Եթե հարցնեք փոխզիջման հասել ենք թե ոչ, մենք կարող ենք ասել, որ հասել ենք ընդհանուր ընկալման և Վենետիկի հանձնաժողովը շատ հստակ է այս հարցում, որ պետք է փոխվի այն, ինչ-որ գրված է տեքսում»։
Երեկ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպել էին նաև Սերժ Սարգսյանին: Ավելի ուշ նախագահի աշխատակազմը հաղորդագրություն էր տարածել՝ պնդելով, թե քննարկվող նախագծի շուրջ սկզբունքային տարաձայնություններ չկան։
Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Սարգսյանը հարցրեց՝ իսկապե՞ս տարաձայնություններ չկան։ Պարզվեց, որ հանձնաժողովը ներկայացրել է իր առաջարկները, սակայն, դեռ պատասխան չի ստացել․ - «Ուրախ եմ լսել, որ որևէ հակասություն չկա: Մենք հայտնել ենք մեր կարծիքը, մինչև այս պահը մենք դեռևս մեր կարծիքի վերաբերյալ պատասխան չենք ստացել: Մենք գիտենք, որ մեր կարծիքը հաշվի է առնվելու: Մեր ներկայացրած կետերը հաշվի են առնվելու, բայց մենք դեռևս մեր առջև չունենք դրված այդ հոդվածի նոր տեքստ: Մենք անկեղծ ու բաց պատասխանում ենք ձեզ այսօր»։
Այս պատասխանից հետո քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պնդեցին, որ կայունությունը չպետք է վնասի ժողովրդավարությանը՝ բերելով միակուսակցական Խորհրդային Միության և Հյուսիսային Կորեայի օրինակը։ Խորհուրդ տվեցին կառավարման մոդելի փոփոխությունը քննարկելուց առաջ հաշվի առնել Հայաստանում ձևավորված քաղաքական մշակույթն ու ընտրությունների անցկացման պատմությունը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ հայտարարեց, որ հասարակությունը գործընթացին չի վստահում․ - «Եթե նացիստական Գերմանիայի սահմանադրությունը ձեզ տային, նույն փորձաքննական եզրակացությունը պետք է տայի՞ք, առանց կոնտեքստին նայելո՞ւ»:
Հանրապետականները ամբողջ հանդիպման ընթացքում լռում էին: Դաշնակցությունից Արմեն Ռուստամյանը ևս միջազգային փորձագետների հետ հանդիպմանը որևէ մտահոգություն չհայտնեց, իսկ ավարտին պնդեց, որ Դաշնակցությունը փաստաթղթից գոհ է, և ամենևին պարտադիր չէ, որ այս կարծիքը բոլոր ուժերը պաշտպանեն․ - «Կոնսենսուս չկա, կոնսենսուս դժվար էլ լինի: Երբեք կոնսենսուս լուրջ փաստաթղթերի շուրջ չի առաջացել»:
Այս պահին սահմանադրական բարեփոխումների դեմ քաղաքական ուժերից պայքարի է պատրաստվում միայն ՀԱԿ-ը։