Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն, ըստ էության, հաշվի չի առել ո՛չ Վենետիկի հանձնաժողովի, ո՛չ էլ ընդդիմության հիմնական մտահոգությունները․ սահմանադրական փոփոխությունների՝ երեկ հրապարակված նախագծում կրկին ամրագրվել է խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու վերաբերյալ դրույթը, թեև միջազգային փորձագետները խորհուրդ էին տվել նախագծից հանել երկու՝ առավել շատ թվով ձայներ հավաքած կուսակցությունների միջև երկրորդ փուլ անցկացնելու հնարավորությունը:
Նախագահին առընթեր մասնագիտական հանձնաժողովն ընդամենն ամրագրել է, որ կայուն մեծամասնությունը կարող է ձևավորվել ոչ միայն ընտրության առաջին փուլի արդյունքում, այլև ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում: Մինչդեռ Վենետիկի հանձնաժողովը մոտ մեկ ամիս առաջ հրապարակած զեկույցում հստակ ամրագրել էր․ «ընտրված մոդելի շուրջ ոչ միայն պետք է լայն փոխհամաձայնություն լինի քաղաքական ուժերի միջև, այլեւ ժողովուրդը պետք է վստահի այդ համակարգին և դրա կիրարկմանը»:
Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծված հանձնաժողովը չի փոփոխել նաեւ Վենետիկի հանձնաժողովի դիտողությանն արժանացած՝ վարչապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ դրույթը: Միջազգային փորձագետները ընդգծել էին` նախագծով արգելվում է խորհրդարանում նոր խմբակցությունների ձևավորումը ԱԺ ողջ գումարման ընթացքում, «ինչը դառնում է կառավարությանն անվստահություն հայտնելու նշանակալի՝ գրեթե անհաղթահարելի խոչընդոտ»: Շատ կոշտ համարելով նոր խմբակցությունների ձեւավորման մասին սահմանափակումը`Վենետիկի հանձնաժողովը առաջարկել էր այն հանել նախագծից, ինչը ևս չի արվել:
Երեկ հաստատված և Սերժ Սարգսյանի կողմից արդեն Ազգային ժողով ուղարկված նախագծում անփոփոխ է մնացել նաև նախագահի ընտրության կարգը՝ ընտրիչների ժողովը, այն դեպքում, երբ Վենետիկի հանձնաժողովը վերջին զեկուցում հստակ զգուշացրել էր․ «առաջարկված մոդելը կարող է ճանապարհ հարթել կուլիսային այնպիսի մանիպուլիացիաների համար, որոնք կասկածի տակ կդնեն նախագահի ինստիտուտի լեգիտիմությունը եւ հեղինակությունը»:
Վենետիկի հանձնաժողովը ողջունել էր փոփոխությունը, որով խորհրդարանի փոխնախագահներից մեկի պաշտոնը տրվելու է ընդդիմությանը՝ միաժամանակ հեղինակավոր փորձագետները նկատել են․ փոխխոսնակների ընդհանուր թիվը նախագծում չի նշվում և չի բացառվում, որ ընդդիմության շահերը պաշտպանելու համար ամրագրված այս դրույթը իրականում ճիշտ հակառակ ազդեցությունն ունենա: Չնայած այդ մտահոգությանը՝ այս մասով ևս նախագծում որևէ բան չի փոխվել:
Մոտ երկու տարի մայր օրենքի բարեփոխման վրա աշխատող մասնագետները չեն վերանայել նաև դատական համակարգի անկախության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի մտահոգությունները, իսկ դրանցով հստակ խորհուրդ էր տրվում «երաշխավորել, որ իշխող մեծամասնությունը չկարողանա միանձնյա դատավորներ ընտրել, քաղաքական մարմինն էլ չմասնակցի դատավորների նշանակման և ազատման կարգին»:
Փոխարենը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը փոփոխություն է կատարել նախագծի 204-րդ հոդվածում՝առաջարկելով առաջին անգամ մայր օրենքում ամրագրել՝ «Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցը լուծվում է հանրաքվեի միջոցով»: Փոփոխությունների նախորդ տարբերակում նշվում էր միայն «վերպետական միջազգային կազմակերպություններին միանալու» հնարավորությունը:
«Գնալով էլ ավելի են խորանում կասկածները Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգների վերաբերյալ», ֊«Ազատության» հետ զրույցում ասում է ընդդիմադիր ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Վտանգը շատ մեծ է, առավել ևս, որ մունետիկը՝ Անդրանիկ Նիկողոսյանն արդեն հայտնել է Հայաստանի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին և տարածքների հետ կապված հնարավոր է, որ խնդիր են նախատեսում ապագայում: Դա միանշանակ մերժելի դրույթ է»:
Ակնկալվում է, որ առաջիկա երկուշաբթի արդեն խորհրդարանում քննարկումներ կսկվեն նախագծի շուրջ, նույն օրը Երևանում Վենետիկի հանձնաժողովի անդամները նախ հանդիպում կունենան մասնագիտական հանձնաժողովի, ապա քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այսօր, Ազատության հետ զրույցում խորհրդարանի ընդդիմադիր ուժերը, թե՛ ՀԱԿ-ը, թե՛ վերակազմավորված Բարգավաճ Հայաստանը, պնդեցին, որ մասնակցելու են այդ քննարկումներին, սակայն, տարբեր օրակարգերով:
ՀԱԿ-ը շարունակում է կտրականապես մերժել բարեփոխումները, մինչդեռ դրանց երբեմնի կոշտ քննադատ «Բարգավաճ Հայաստան»-ը էականորեն մեղմել է դիրքորոշումը և պատրաստ է նաև Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան․ «Իրականում իշխանությունը ոչ թե լուծում է Հայաստանին մի փայլուն, նոր Սահմանադրություն նվիրելու հարցը, այլ լուծում է իր համար կարևորագույն մի քաղաքական խնդիր, որն է՝ իր իշխանության պահպանման խնդիրը: Այսինքն, սա իրականում թաքնված միապետի կամ թաքնված նախագահի Սահմանադրություն է, և սա այն խորամանկ ձևն է, որը Սերժ Սարգսյանը մատուցում է հիմա հասարակությանը, քողարկելու համար իր իրական քաղաքական խպնդիրը, այն է՝ շարունակել իր անձնական իշխանությունը Սահմանադրության ընդունումից հետո»:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյան․«Էստեղ մենք ունենք որոշակի և մտահոգություններ, և առաջարկություններ: Մենք ունեինք որոշակի ուղղությունները՝ կապված կայուն քաղաքական մեծամասնության ձևավորման խնդրի հետ, ոնց որ թե ինչ-որ առաջարկ կա, թե ոնց է դա հանգուցալուծվում, որ բավականին ծայրահեղ պարագայում դա լինի: Այսինքն էնտեղ մեխանիզմներ կան, որ տանում են ընտրական օրենսգիրք»:
Հայտարարվում է նաև, որ հաջորդ շաբաթ Հայաստանի նախագահը քաղաքական կոնսուլտացիաների նոր շարք կսկսի կուսակացությունների հետ: Առայժմ խորհրդարանի ընդդիմադիր ուժերից միայն ՀԱԿ-ն է հստակ հայտարարում՝ դրանց մասնակցելու հրավեր չի ստացել, ստանալու դեպքում էլ չի մասնակցելու: