«Էյր Արմենիա» ընկերության համասեփականատեր, ուկրաինացի գործարար Վլադիմիր Բոբիլևը վայրենություն է որակում գործընկերոջ՝ Արսեն Ավետիսյանի հետ նախորդ շաբաթ տեղի ունեցած միջադեպը, որում շրջանառվում է հանրապետական գործարար Ռուբեն Հայրապետյանի անունը։
«Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում East Prospect ներդրումային ընկերության ղեկավարն ընդգծել է՝ Հայաստանի իշխանություններից ակնկալում են այնպիսի լուծում, որն այսուհետ կբացառի «ուժային մեթոդներով հարցեր լուծելու հնարավորությունը»։
«Մեր հիմնադրամը միջազգային է, մենք ներդրումներ ենք անում աշխարհի տարբեր երկրներում, նաև այնպիսի պետություններում, որտեղ բռնապետական կարգեր են տիրում, ներդրումներ ենք անում երկրներում, որտեղ թե՛ մենթալիտետով, թե՛ բիզնեսի նկատմամբ իրենց վերաբերմունքով մարդիկ տարբերվում են այն ամենից, ինչին մենք սովոր ենք այստեղ՝ Եվրոպայում: Եվ այդուհանդերձ, ոչ մի տեղ այսպիսի վայրենություն, այո՝ չեմ վարանի ասել՝ վայրենություն, չի եղել: Անշո՛ւշտ, մենք հույս ունենք, որ հարցը բոլոր կողմերի համար ընդունելի լուծում կստանա, անշո՛ւշտ, մեր կարծիքով նման միջադեպերը բարեփոխված, ժողովրդավարական Հայաստանում չպետք է տեղի ունենան: Եվ առհասարակ՝ որևէ երկրում նման բան չպետք է լինի», - ասել է Բոբիլևը։
«Ազատության» հետ զրույցում հիմնադրամի ղեկավարը չի ցանկացել մանրամասնել՝ ի՞նչ է իրեն հայտնի Արսեն Ավետիսյանի հետ տեղի ունեցած միջադեպից, բայց ընդգծել է՝ իրենք աշխատել են Բիրմայում, Լաոսում, Թայլանդում, որտեղ երբեմն գործում են նաև խնդիրների լուծման, այսպես ասած, արտադատարանական մեթոդներ, սակայն որևէ տեղ չեն հանդիպել այսպիսի միջադեպի. - «Քանի որ Հայաստանի քննչական կոմիտեն որոշակի քննչական գործողություններ է կատարում, չեմ կարող ասել այն ամենը, ինչ մեզ հայտնի է, որպեսզի չվնասեմ նախաքննությանը: Այդ իսկ պատճառով կարող եմ խոսել միայն այն մասին, ինչ հայտնի է բաց աղբյուրներից: Այսինքն այն, որ մեր գործընկերոջը՝ «Էյր Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանին, առևանգել են մի խումբ անձինք: Նրանց անունները ի վերջո կհրապարակվեն: Այնուհետև նրան ծեծի են ենթարկել, մարմնական վնասվածքներ հասցրել, ինչից հետո Արսեն Ավետիսյանը հայտնվել է հիվանդանոցում, ընդ որում՝ կոտրվածքներով: Եվ դա․․․ դա պարզապես աներևակայելի մի դեպք է: Մենք ոչ մի տեղ իրադարձությունների նման զարգացման չենք հանդիպել»։
Քննադատելով և մտահոգություն հայտնելով տեղի ունեցածի վերաբերյալ՝ East Prospect-ի ղեկավարը, միաժամանակ նշել է, որ այդ միջադեպը չի ազդի Հայաստանում, մասնավորապես, «Էյր Արմենիա» ընկերությունում ներդրումներ կատարելու իրենց մտադրության վրա: Ավելի վաղ միջազգային այս հիմնադրամը պատրաստակամություն էր հայտնել մի քանի տասնյակ միլիոն ներդնել՝ սնանկացման եզրին կանգնած «Էյր Արմենիային» նոր շունչ հաղորդելու համար:
«Դա մեր մտադրության վրա չի ազդի թեկուզ այն պատճառով, որ մենք ոչ թե մեկ, այլ երկու ներդրում ենք արել «Էյր Արմենիա» ընկերությունում: Եվ հետո՝ մեր գործընկերը՝ «Էյր Արմենիայի» գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը, ով նաև ընկերության հսկիչ փաթեթի սեփականատերն է, ոչ թե պարզապես մի մարդ է, ով տեղում լուծում է բոլոր հարցերը, այլ ուժեղ ոգու տեր անձ, ով հաստատուն կերպով իր ձեռքում է պահում ընկերության ղեկը, մի մարդ, ում մենք վստահում ենք: Արսեն Ավետիսյանին ո՛չ ֆոնդն է լքելու, ո՛չ հիմնադիրները»:
Ներդրումային հիմնադրամի ղեկավարը տեղեկացրել է, նաև, որ մոտ ապագայում ինքը պատրաստվում է ժամանել Հայաստան՝ տեղում իրադարձությունների զարգացմանը հետևելու:
«Մենք կարող ենք ոչ միայն գումար ներդնել, այլև նոր ներդրումներ բերել Հայաստան», - «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է Վլադիմիր Բոբիլևը, ում ղեկավարած հիմնադրամի ակտիվները գնահատվում են մոտ 2.5 միլիարդ դոլար:
«Միջազգային հարթակներում մենք հանդես ենք գալիս որպես Հայաստանի ֆինանսական շահերի լոբբիստներ: Մենք Հայաստանում ներդրումներ կատարելու ծրագրեր ենք առաջարկում և կոչ ենք անում բոլոր նրանց, ում հետ աշխատում ենք, իսկ մենք աշխատում ենք 1 տրիլիոն դոլարը գերազանցող ֆինանսական ակտիվների տիրապետող ներդրումային խմբի հետ, նույնպես ներդրումներ կատարել: Ավելին, մենք ինքներս էլ ներդրումներ ենք կատարում Հայաստանում: Մենք պարզապես ներդրողներ չենք, և մենք պարզապես, այսպես ասած, քարոզիչներ չենք: Առաջարկելով ներդրումներ կատարել Հայաստանում, մենք որպես երաշխիք տրամադրում ենք մեր սեփական բաժնետոմսերն ու ակտիվները», - նշել է East Prospect հիմնադրամի ղեկավարը։