Վանաձորում ձևավորվող խումբը պայքարելու է Սահմանադրության փոփոխության դեմ

Նախաձեռնող խումբը առայժմ հստակ ռազմավարություն չունի, բայց աներկբա է, որ լինելու են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ:

Նախաձեռնության անդամներից Հիմնադիր խորհրդարանի Լոռու մարզային գրասենյակի ղեկավար Հովհաննես Ղազարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Այսօրվա իշխանությունները Սահմանադրություն փոխելու անվան տակ փորձում են ինչ-ինչ ուրիշ նպատակներ իրականացնել: Այսօր այս կաղացող Սահմանադրությունը շատ ավելի նպատակահարմար է, որ դեռ մնա»:

Ղազարյանի խոսքով՝ փորձելու են խուսափել սադրանքներին ու բախումներից․ - «Մենք խաղաղ պայքարի մեթոդն ենք ընտրել: Կլինեն հավաքներ, նստացույցեր, երթեր, տարբեր քաղաքացիական անհնազանդության գործիքների կիրառման շնորհիվ պայքարի մեթոդներ, մոդելներ: Իսկ իշխանություն կոչվածի կողմից սադրանքներ հրահրելու դեպքում ադեկվատ կպատասխանենք»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի համոզմամբ՝ գործող Սահմանադրության նորմերը չեն պահպանվել իշխանությունների կողմից, իսկ առաջարկվող փոփոխությունները «պարզապես անտրամաբանական են»․ - «2008 թվականի մարտի 1-ից հետո մինչև այժմ չեն կարողացել իրականացնել առնվազն 10 հոգու սպանության փաստով քննությունը՝ իրավական գնահատական տալ, որը հենց կյանքի իրավունքին է վերաբերում: Եվ այսօր որևիցե մի բան չի խոչընդոտում, որ այդ քննությունը իրականացվի․ ընդամենը պետք է լինի ցանկություն: Ուստի նման փոփոխությունների կատարումը կամ նախաձեռնումը այդ կամքը չդրսևորած կառույցի կողմից արդեն իսկ անտրամաբանական է»:

Սաքունցը գտնում է, որ պետք է պահպանել գործող Սահմանադրությունը, քանի որ փոփոխությունները մեծ ռիսկեր են պարունակում:

Օրինակ, ըստ նրա, հարց է ծագելու, թե արդյոք Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերը համապատասխում են նոր Սահմանադրությանը․ - «Քաղաքական այն տենդենցները և այն մարտահրավերները, որ Հայաստանի Հանրապետությունը ունեցավ վերջին երեք տարիների ընթացքում՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամագրման հետ կապված, գործընթացների տրամաբանությունը բոլորովին չեն բխում այն միջազգային պայմանագրերից, որոնք կնքել էինք մինչև Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելը»: