Այս պահին ընդդիմադիր դաշտում տեղի են ունենում որոշակի նախնական խորհրդակցություններ՝ սահմանադրական փոփոխությունների դեմ միասնական ճակատ կազմելու նպատակով, ասում է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ զերծ մնալով, այդուհանդերձ, դրանք պաշտոնական կոնսուլտացիաներ անվանելուց:
«Մինչև օգոստոսի կես, օգոստոսի վերջ կլինեն այդ կոնսուլտացիաները, դրանից հետո արդեն [սեպտեմբերին] միասնական ճակատով հանդես կգանք։ Ես այդ կարծիքն ունեմ։ Հնարավոր են շտկումներ, որովհետև իմ կարծիքը շատ քիչ է, նաև մեր գործընկերների կարծիքն է անհրաժեշտ»,- ասաց Մարտիրոսյանը։
«Ժառանգության» փոխնախագահն ասում է՝ Սահմանադրության փոփոխությունների դեմ միասնական ճակատով պետք է հանդես գան ոչ միայն խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը, այլև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները, քանի որ հրապարակված նախագծից արդեն պարզ է՝ առաջարկվող փոփոխությունները մարդու հիմնարար իրավունքները չեն ապահովում։ Մարտիրոսյանն ասում է՝ սահմանադրական փոփոխությունները թույլ չտալու համար պատրաստ են համագործակցել բոլորի հետ.- ««Ժառանգությունը» պատրաստ է բոլորի հետ համագործակցել, այդ թվում՝ իշխանության այն ներկայացուցիչների հետ, որոնք դեմ են, որ երկրի պետականությունը կործանվի»։
Սակայն առաջիկա հինգշաբթի սահմանադրական փոփոխությունների դեմ Պարույր Հայրիկյանի նախաձեռնած հանրահավաքին «Ժառանգությունն» այլևս հարթակում չի լինի․ Մարտիրոսյանը կարծում է՝ քաղաքական ուժերն ու գործիչները առանձին-առանձին բողոքի ակցիաներ անցկացնելու փոխարեն պետք է համախմբվեն՝ մի կողմ թողնելով նախկին տարաձայնությունները:
Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանն ասում է՝ նպաստավոր իրավիճակ է ընդդիմադիր դաշտը սահմանադրական փոփոխությունների դեմ համախմբելու համար:
«Հողը շատ նպաստավոր է՝ այն առումով, որ իսկապես տարբեր հասարակական կազմակերպություններ, կուսակցությունների գերակշռող մասը մերժում է և կարծես թե միանալու է ժողովրդի պահանջին՝ «ոչ»-ի Սահմանադրության փոփոխությանը։ Մենք արդեն մի քանի ուղղությամբ աշխատում ենք և ծրագրում ենք աշխատել։ Հիմնականը, որ անելու ենք, դա խորհրդարանում է լինելու, երբ նախագիծը ներկայացվի։ Նաև աշխատելու ենք լրատվամիջոցների հետ, նախաձեռնելու ենք քննարկումներ, հանրային միջոցառումներ»,- ասաց Կարապետյանը։
ՀԱԿ-ը կարծում է՝ առավել ակտիվ գործընթացները կսկսվեն սեպտեմբերին, երբ նախագիծը մտնի խորհրդարան, հենց այնտեղ է կուսակցությունը տեսնում իր հիմնական աշխատանքը:
«Երբ արդեն հանրաքվեի օրը որոշվի և մեկ ամիս տրվի քարոզչության համար, կարծում եմ, հենց այդ շրջանում համախմբումը կարող է լինել։ Մենք արդեն հանդիպել ենք «Չեք անցկացնի» նախաձեռնության հետ, և կարող եմ նկատել, որ հիմնական հարցերում մեր դիրքորոշումները համընկնում են»,- ասաց Կոնգրեսի ներկայացուցիչը։
Անցած ուրբաթ Ազատության հրապարակում սահմանադրական փոփոխությունների դեմ ակցիաների մեկնարկին «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք պատրա՞ստ է համագործակցել սահմանադրական փոփոխությունների ամենակոշտ ընդդիմախոսներից ՀԱԿ-ի հետ, ասաց.- «Սա այնքան կարևոր հարց է, որ պետք է անսալ ամեն ինչ մի կողմ դնելու, բռունցքվելու մոտեցումը։ Պիտի ի մի գանք բոլորս»։
«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ, «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը կարծում է՝ օր առաջ պետք է միավորումը լինի, քանի որ Բաղրամյան պողոտայի դեպքերը ցույց են տալիս՝ ժողովուրդը ընդվզում է։