Ընդդիմադիրները հակված չեն ակտիվ մասնակցության առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի 9 մարզերի 22 համայնքներում սեպտեմբերին կանցկացվեն համայնքների ղեկավարների ու ավագանու անդամների ընտրություններ:

Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) առաջիկա ընտրություններում թեկնածուների առաջադրումը հաջորդ շաբաթվանից կսկսվի, սակայն խորհրդարանի ընդդիմադիր ուժերն այս ընտրություններին ակտիվ մասնակցության վերաբերյալ որոշում չունեն։

«Բարգավաճ Հայաստան»-ը առանձին վայրերում մասնակցության ցանկություն է հայտնել: Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը փոխանցեց, որ նման հարց դեռևս Կոնգրեսում չեն քննարկել։ Իսկ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ մասնակցությունն անիմաստ է:

«Քաղաքական գործընթաց չկա, որպեսզի կուսակցությունը մասնակցի: Կա՛մ ադմինիստրատիվ ռեսուրսի խիստ օգտագործում է, կա՛մ էլ առավելագույնը՝ բարեկամական շրջապատի ընտրություն է լինելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն առհասարակ ուշագրավ են հատկապես սահմանադրական փոփոխությունների համատեքստում. նոր Սահմանադրության նախագծով ընդլայնվում են դրանց լիազորությունները, ըստ էության՝ Ազգային ժողովին ու ՏԻՄ-երին է վերապահվում Հայաստանի Հանրապետության նախագահին ընտրելու լիազորությունը:

Մասնավորապես, Սահմանադրության նախագծի 125-րդ հոդվածով սահմանվում է, որ երկրի նախագահն ընտրվում է Ընտրիչների ժողովի կողմից, որը կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից և Ազգային ժողովի պատգամավորների թվին հավասար՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից։

Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն ի սկզբանե հայտարարում են, որ ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններին ակտիվ մասնակցության դեպքում կարող է լուրջ դերակատարում ունենալ նախագահի ընտրության հարցում։

«Մեր ընդդիմադիր քաղաքական ուժերը ասում են, որ այսօր 70 տոկոսը դժգոհ են իշխանություններից: Թող այդ 70 տոկոսին օգտագործեն և այդ ընտրիչներին իրենք ձևավորեն: Ցավոք սրտի, կա մեծ պասիվություն: Ընդդիմադիրները չեն դնում որևէ թեկնածուներ, գիտեն, որ իրենց ուժերը չեն ներում․․․ Միայն հայտարարում են, որ կա մեծ դժգոհություն․․․», - «Ազատության» հետ զրույցում ասաց խորհրդարանում Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հորդորելով ընդդիմությանը ակտիվորեն մասնակցել ինչպես տեղական, այնպես էլ համապետական ընտրություններին:

ՀԱԿ-ում և «Ժառանգություն»-ում «անլուրջ» որակեցին հանրապետականների հորդորները։

Արման Մուսինյանը փոխանցեց, որ իրենց գերխնդիրը միահամուռ ուժերով սահմանադրական հանրաքվեն վիժեցնելն է։

Իսկ Կոնգրեսի մեկ այլ ներկայացուցիչ՝ Վլադիմիր Կարապետյանը ընտրիչների ու նախագահի ինստիտուտի առնչությամբ նշեց․ - «Նախագահի պաշտոնը արարողակարգային բնույթ է կրելու, և այդ առումով կարևորություն այդ պաշտոնին կարող էին տալ միայն հանրապետականները»:

«Չեմ կարող երկրորդական համարել ՏԻՄ ընտրությունները, պարզապես ավելի ճիշտ կլիներ, որ մեր ռեսուրսները կենտրոնացնեինք «ոչ» ասելու սահմանադրական փոփոխություններին», - հավելեց Կարապետյանը՝ անդրադառնալով նաև ընդդիմության ռեսուրսների անբավարարության վերաբերյալ իշխող կուսակցությունից շարունակաբար հնչող ակնարկներին․ - «Այդ առումով, կարծում եմ, որ ավելի շատ պետք է իշխանությունները անհանգստացած լինեն իրենց ռեյտինգով, իրենց նկատմամբ վերաբերմունքով, որը շատ խորհրդանշական կերպով վերջին հանրահավաքների ժամանակ դրսևորվեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Աշոտյանի նկատմամբ: Ինչ վերաբերում է մեր անելիքներին, ընդդիմությունը ամեն բան անելու է՝ այս Սահմանադրության փոփոխության գործընթացում միավորվելու, «ոչ» ասելու Սերժ Սարգսյանի այդ նախաձեռնությանը»: