Ակտիվիստները հավաքների ազատությանը վերաբերող հոդվածը «վտանգավոր» են համարում

Your browser doesn’t support HTML5

Սահմանադրական փոփոխությունների նախագծի՝ հավաքների ազատությանը վերաբերող հոդվածը «Ազատության» զրուցակից իրավաբանները որակում են «վտանգավոր», ակտիվիստներն ու քաղաքական գործիչներն էլ համոզված են, որ այդ հոդվածը հետագայում հնարավորություն կտա իշխանություններին անարգել ցրել ինքնաբուխ հավաքները։

Ի տարբերություն գործող Սահմանադրության, որի 29-րդ հոդվածը հստակ սահմանում է յուրաքանչյուրի «խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու» իրավունքը, նոր Սահմանադրության նախագծում տեղ են գտել սահմանափակումներ։ Մասնավորապես, 43-րդ հոդվածի 1-ին կետը խաղաղ հավաքների իրավունքն ամրագրելուց հետո շարունակում է՝ «օրենքով սահմանված դեպքերում բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն անցկացվում են ողջամիտ ժամկետում կատարված իրազեկման հիման վրա»։

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը «Ազատության» հետ զրույցում տարակուսած էր, թե մի՞թե նոր Սահմանադրության նախագծում տեղ չի մնում ինքնաբուխ հավաքների համար, չէ՞ որ նախագծի հեղինակները լավ գիտեն, թե եվրոպական կառույցները որքան են արժեքավորում ինքնաբուխ հավաքների կարևորությունը։

«Ստացվում է բացօթյա տեղանքում՝ միայն իրազեկման դեպքում։ Դա չի կարող լինել, դա կարող է բացառություն լինել, մնացածը օրենքում սահմանվի, բայց Սահմանադրության մեջ նման դրույթը ուղղակի վտանգավոր է։ Կուզենայի, որ փոխվեր։ Եթե սա ընդունվի այսպես, կարող է պրակտիկայում մեկնաբանվել, որ բացօթյա տեղանքում հավաքները կարող են անցկացվել միայն իրազեկման պայմանով, եթե իրազեկված չլինեն, կարող են մտածել՝ հակասահմանադրական է։ Սահմանադրության հետ պետք է զգույշ լինել»,- ասաց իրավաբանը։

Ի տարբերություն Արա Ղազարյանի, ով լիահույս էր, որ այս դրույթը կխմբագրվի, քաղաքացիական ակտիվիստները համոզված են, որ նման սահմանափակում դիտավորյալ է մտցվում։ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը մեզ հետ զրույցում, վկայակոչելով վերջին ամիսներին ինքնաբուխ ակցիաների անկանխատեսելի ընթացքը, կարծիք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները փորձում են հետագայում վերահսկողություն սահմանել ցանկացած հավաքի նկատմամբ։

«Ինքնաբուխ հավաքները իրենց համար խնդիր են ստեղծում։ Իրենք ուզում են նախապես ինֆորմացվեն, որ կարողանան գնալ քաղաքացիների տները, պրոբլեմներ ստեղծեն։ Ինքնաբուխ հավաքներն իրենց համար անակնկալ են, ու իրենք ինքնաբուխի ինստիտուտն են սրանով փորձում նվազեցնել»,- ասաց Սանասարյանը։

Նախաձեռնության մեկ այլ անդամ Անդրիաս Ղուկասյանն էլ հեգնեց, թե արդեն իսկ նոր Սահմանադրության նախագծի այս հոդվածը կիրառվում է իրենց ակցիաներն արգելելու համար։ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությանը, ինչպես հայտնի է, առայժմ չի հաջողվում նստացույց իրականացնել Հանրապետության հրապարակի կենտրոնում։

«Սա այն մոդելն է, որը, ըստ երևույթին, ոստիկանության կամ քրեաօլիգարխիայի պատվերով տեղ է գտել նախագծում, որտեղ Սահմանադրությամբ փորձում են սահմանափակել հավաքների ազատությունը, հնարավորինս օրինականացնել ոստիկանության զսպող, անօրինական գործողությունները, դարձնել Սահմանադրությանը համապատասխան»,- ասաց Ղուկասյանը՝ հավելելով.- «Իշխանությունը յուրացնողները գիտեն, որ իրենք լեգիտիմ չեն, գիտեն, որ իրենք հանցագործ են, և լրջագույն վտանգ են տեսնում ցանկացած բողոքի ակցայի մեջ»։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ուշադրություն է հրավիրում նաև նոր Սահմանադրության նախագծի հավաքների ազատությանը վերաբերող հոդվածի երրորդ մասի վրա, ըստ որի՝ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել ոչ միայն պետական անվտանգության, հասարակական կարգի պաշտպանության ու հանցագործությունների կանխման, այլ նաև բարոյականության պաշտպանության նպատակներով։

«Աշխարհում չկա որևէ իդեալական պետություն, որտեղ բարոյական նորմերը լինեն սահմանադրական նորմ, որովհետև այն, ինչ ինձ համար բարոյական է, մեկ ուրիշի համար կարող է բարոյական չլինել, կամ հակառակը»,- նշեց նա։

Այնուհանդերձ, Մարտիրոսյանը կարծում է, որ հավաքների ազատությունը սահմանափակելու առումով շատ բան չի փոխվելու. իշխանությունները գործող Սահմանադրությամբ էլ իրենց համար ոչ ցանկալի հավաքներն արգելելու ձև գտնում են։

«Եթե դու իշխանությանը անմիջական վտանգ ես ներկայացնում, պահանջում ես իշխանություն, իշխանափոխություն, ինչ-որ արմատական քայլեր, բնականաբար, դա իշխանության կողմից չի կարող ողջունվել։ Եթե դու կպայքարես ինչ-որ բակային տարածքի, ինչ-որ փոքր սոցիալական խնդրի կամ մշակութային հարցի համար և չես դնի իշխանության պահանջ, բնականաբար, կդառնաս միանգամից «գժուկ», «ազգի լավագույն պայծառ մաս» և քեզ չեն խանգարի։ Կասեն՝ գնա ամիսներով բողոքի»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը։