Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «դեռ երեկ պետք է հրաժարական տար»

Your browser doesn’t support HTML5

Ընդդիմադիրներն ու հանրապետականները հակառակ տեսակետներ ունեն Սուրիկ Խաչատրյանի հետագա պաշտոնավարման վերաբերյալ։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծում է՝ Սուրիկ Խաչատրյանը դեռ երեկ պետք է հրաժարական տար։

Երեկ ուշ երեկոյան դատարանը բավարարեց Սյունիքի մարզպետի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին կալանավորելու՝ Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Նախաքննական մարմինը Սդղի գյոլի ծեծկռտուքի դեպքի առիթով դիտավորությամբ մեկ ուրիշի կյանքի համար վտանգավոր վնասվածք պատճառելու մեղադրանք է առաջադրել Խաչատրյանին։

Հրաժարականը նաև իշխող Հանրապետականի շահերից է բխում, կարծում է Պողոսյանը, եթե ուզում են ցուցադրել, որ պետական պաշտոնյան նաև պատասխանատու վարքագիծ ունի։

«Եթե քո ընտանիքում կան խնդիրներ, և դու ինքդ չես կարողանում կարգավորել դրանք, մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, ուրեմն, կներեք, դուք պետք է ինքնակամ հրաժարական տաք և հեռանաք, քանի որ դուք օրինակ եք ծառայում ապագա սերնդին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Թևան Պողոսյանը կարծում է՝ հետագա պաշտոնավարումը ճնշում գործադրել է.- «Պատկերացրեք, վաղը մի դեպք է լինում, և նույն ոստիկանները պետք է դիմեն մարզային իշխանություններին։ Չմոռանանք, մենք ապրում ենք Հայաստանում, սա այն հասարակությունը չէ, որտեղ մենք կարող ենք վստահ լինել, որ ընտանեկան կապերը այլևս կապ չունեն»։

Հանրապետական Վարդան Այվազյանը չի կարծում, թե Սուրիկ Խաչատրյանը կարող է խոչընդոտել քննության ընթացքը. - «Մարզպետը որևէ մի ձևով իրավապահ համակարգի հետ կապված որևէ իրավասություն չունի»։

Պարբերաբար աղմկահարույց քրեական պատմությունների առանցքում հայտնվող Սուրիկ Խաչատրյանը մեկ անգամ արդեն հրաժարականի դիմում ներկայացրել է՝ 2013-ին իր տան մոտ Ավետիք Բուդաղյանի սպանությունից 5 օր անց։ Այդ գործով երեք ամսով կալանավորվել էին Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը և թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը։ Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը ազատվեցին, նրանց նկատմամբ դադարեցվեց քրեական հետապնդումը, դրանից մեկ տարի անց Խաչատրյանը կրկին դարձավ Սյունիքի մարզպետ։

Հանրապետական Վարդան Այվազյանն ասում է՝ «ամեն անգամ չի կարող հրաժարական տալ»։

«Նախկինում գործը կապված էր իր հետ, իր անվան հետ, մարդը գտնվեց բարոյական, հրաժարական տվեց։ Հիմա գործը կապված է որդու հետ։ Որդին չափահաս... ինքը հո ամեն անգամ չի կարող որևէ մի դեպքից հետո...»,- ասաց Այվազյանը։

ՀՀԿ խորհրդի անդամ, պատգամավոր Սամվել Ֆարմանյանը կարծում է՝ պետական պաշտոնյան իր, իր բարեկամների հասարակական վարքի համար պետք է կրի անձնական պատասխանատվություն։

«Ես չեմ ուզում տարբերակում մտցնել, թե խոսքը որ պետական պաշտոնյայի մասին է և ինչ կուսակցական պատկանելություն ունի։ Ընդհանրապես բարձրաստիճան պետական պաշտոնյաները իրենց հասարակական վարքի, նաև իրենց բարեկամների համար, գոնե զարգացման այն փուլում, երբ հանրության համար համոզիչ չի հնչում այն թեզը, թե «մենք ինչ անենք, մեր երեխաների հետ ինչ կապ ունենք» և այլն, պետք է կրեն պատասխանատվություն։ Այդ պատասխանատվությունը, իմ պատկերացմամբ, նախ և առաջ բարոյական հարթությունում է։ Ցանկացած նման դեպքում պետական կառավարման համակարգը վարկաբեկվում է հանրության աչքում»,- ասաց նա։

Ֆարմանյանը գոհ է իրավապահների վերջին գործողություններից.- «Ես ցանկանում եմ ողջունելի համարել Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի պահվածքը այս հարցում, որովհետև իսկապես այն ճանապարհը, որ մենք ցանկանում ենք որպես երկիր գնանք, դա այն է, երբ բոլորը օրենքի առաջ հավասար են»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ «չէր շտապի տոնել արդարադատության խրախճանքը».- «Ես անձնապես չեմ պատկանում այդ ռոմանտիկների թվին, ովքեր վստահ են, որ նա պատիժը կկրի, կամ պատիժը չի կրի 1-2 ամիս, հետո ինչ-ինչ ամնիստիաների տակ ընկնելով, օրինակ, սեպտեմբերի 21-ին ընդառաջ կհայտնվի ազատության մեջ»։

Կառավարությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ Սյունիքի մարզպետից հրաժարականի դիմում չեն ստացել։