Տիգրան Խաչատրյանի պաշտպանը պնդում է, որ տուժող Զաքարյանը հոգեկան խնդիրներ ունի

Your browser doesn’t support HTML5

«Սդղի գյոլի» ծեծկռտուքի հետևանքով տեսողությունը կորցրած Հարություն Զաքարյանը պատրաստ է անցնել ցանկացած փորձաքննություն, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Զաքարյանի փաստաբան Լևոն Սահակյանը՝ հակադարձելով այս գործով կալանավորված Տիգրան Խաչատրյանի պաշտպանական կողմի պնդումներին, թե տուժած երիտասարդը հոգեկան խնդիրներ ունի։ Սահակյանը գործընկերներին խորհուրդ տվեց փոխել մարտավարությունը։

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու փաստաբան Արմեն Մելքոնյանն էր երեկ լրագրողների հետ զրույցում պնդում, որ չէր կարելի հոգեկան հիվանդություն ունեցող մարդու ցուցմունքով Խաչատրյանին մեղադրանք առաջադրել ու կալանավորել։ Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն հիմնավորմամբ, որ կան Հարություն Զաքարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ ապացույցներ։ Սա վրդովեցրել էր փաստաբանին։

«Ընդամենը մի մարդու ցուցմունքով... ինձ մոտ հիմնավոր փաստաթուղթ կա, որ բանակից ազատել են հոգեկան հիվանդության պատճառով՝ որպես փսիխոպատի։ Հարություն Զաքարյանը ժամկետային զինվորական ծառայությունից ազատվել է հոգեկան հիվանդության պատճառով։ Եթե դա էդպես չի, կարծում եմ, համապատասխան մարմինները պիտի հետաքրքրվեն՝ ինչո՞ւ է ազատվել ծառայությունից, եթե նա առողջ է»,- ասաց Արմեն Մելքոնյանը։

Այս գործով տուժած Հարություն և Մուշեղ Զաքարյանների ծնողները մշտապես պնդել են, որ որդիները դաժան ծեծի են ենթարկվել Տիգրան Խաչատրյանի ու նրա մերձավորների կողմից. տղաներին հրել, գցել են գետնին, հարձակվել են և մահակներով, ոտքերով ու մետաղական գործիքներով հարվածել։ Չնայած դրան՝ Տիգրան Խաչատրյանը երկուսուկես ամսից ավելի գործով անցնում էր որպես վկա և ձերբակալվեց միայն այն բանից հետո, երբ բուժման նպատակով Մոսկվայում գտնվող Հարություն Զաքարյանն եկավ և մոտ տասն օր առաջ ցուցմունք տվեց։

Մարզպետի որդու փաստաբանը հայտարարում է, որ Տիգրանը որևէ մեկին չի հարվածել.- «Միանշանակ կարող եմ մի բան ասել՝ Տիգրան Խաչատրյանը երկու եղբայրների մարմնական վնասվածքների հետ բացարձակ առնչություն չունի։ Էսօր ուղղակի Տիգրան Խաչատրյանը, ցավոք, ընտրվեց որպես թիրախ։ Հասարակության ինչ-որ մի շերտ կա, որը պիտի էդ բավարարումը ստանար։ [Ծեծկռտուքին] ներկա գտնվել է, բայց ավելի ուշ։ Կարծում եմ, եթե Տիգրան Խաչատրյանը մի քիչ շուտ հասներ, էս ամեն ինչը չէր լինելու։ Թե ումից են տուժել, էդ հարցը ուղղեք նրանց, մի քիչ որ փորձեն խղճներին դեմ չգնալ, իրենք կպատասխանեն ումից են տուժել»։

Հարություն Զաքարյանի փաստաբան Լևոն Սահակյանը այս հայտարարությունները որակեց պաշտպանական մարտավարություն.- «Գոյություն ունեն արդեն բավական ապացույցներ, ապացույցների ամբողջականություն, որ կալանքն ընտրվել է որպես խափանման միջոց»,- «Ազատությանն» ասաց նա։

Անդրադառնալով Հարություն Զաքարյանի հոգեկան խնդիրներ ունենալու վերաբերյալ պնդումներին, Սահակյանն ասաց.- «Չգիտենք, թե փաստաբանի կողմից նման տերմինոլոգիա օգտագործելը պայմանավորված է իր վստահորդին պաշտպանելու մարտավարությա՞մբ, թե՞ ճարահատյալ վիճակով պայմանավորված հուզական պոռթկում է։ Առաջինի դեպքում խորհուրդ կտայինք մեր շատ հարգարժան գործընկերոջը, որպեսզի փոխեր մարտավարությունը, որովհետև ինչքան էլ որ Հարություն Զաքարյանը ՀՀ Զինված ուժերում ծառայած չլինի, ինչպիսի օրինական հիմքով էլ որ ազատված լինի զինվորական ծառայությունից, միևնույն է՝ նա հանդիսանում է դաժան ծեծի, դաժան բռնության ենթարկված մարդ։ Եթե մեր հարգելի գործընկերը ցանկանում է ասել, որ անարժանահավատ են Հարություն Զաքարյանի ցուցմունքները, ապա կարող եմ հայտարարել, որ Հարություն Զաքարյանը պատրաստ է քննության ցանկացած փուլում վստահորեն անցնել ցանկացած տեսակի փորձաքննություն»։

«Ինչ վերաբերում է փաստաթղթերին, անկեղծ ասած, իրավական որևէ գնահատական չեմ ուզում տալ, թե Հարություն Զաքարյանը ծառայել է ՀՀ Զինված ուժերում, թե՝ ոչ, ծառայությունից ազատված է, թե՝ ոչ, և եթե ազատված է, ապա ինչ հիմքով»,- հավելեց փաստաբանը։

Տիգրան Խաչատրյանի փաստաբանը նաև հայտարարել էր, որ Խաչատրյանների ընտանիքը պատրաստակամություն է հայտնել օգնել, որպեսզի Հարություն Զաքարյանը բուժվի, նրա տեսողությունը վերականգնվի։ Լևոն Սահակյանը հակադարձեց.- «Զաքարյան եղբայրները բարեգործություն չեն փնտրում, նրանք արդարադատություն են փնտրում»։

Մեր զրուցակից իրավապաշտպաններն էլ համոզված են, որ տուժողին հոգեկան հիվանդ անվանելով փորձ է արվում շեղել գործի ընթացքը։

«Նախ գործի էությունը շեղման փորձ է, երբ նախապես առանց համապատասխան բժշկական քննություն անցնելու մարդուն հայտարարում ես հոգեկան հիվանդ։ Եվ ի՞նչ է նշանակում՝ հոգեկան հիվանդին կարելի է ծեծել և նրան հասցնել ծանրագույն մարմնական վնասվածք, բայց նրա ցուցմունքներով չի՞ կարելի կալանավորել նրան ծեծողին։ Ամեն ինչ հնարավոր համարում եմ. եթե Սուրիկ Խաչատրյանը կարողանա իր հարցերը լուծել ամենավերին օղակներում, կարող են հայտարարել, որ էդ մարդիկ ոչ միայն հոգեկան հիվանդներ են, այլև երբեք չեն էլ ծեծվել։ Կարող են հայտարարել, որ հենց նրանք են մեղավոր և պրովոկացիայի են ենթարկել Տիգրան Խաչատրյանին, և նրանց պատժեն, ինչպես եղավ Բուդաղյանների դեպքում»,- ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։