Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ), հաշվի առնելով հունիսի 27-ին Հայաստանի տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ խորհրդակցության ժամանակ երկրի նախագահի հայտարարությունը, «նպատակ ունենալով բարձրացնել հանձնաժողովի գործունեության նկատմամբ հանրության վստահությունն ու բացառել էլեկտրաէներգետիկական համակարգում 2015 թվականի սակագների սահմանման գործընթացի հիմնավորվածության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները», այսօրվա նիստում հաստատել է ՀԾԿՀ-ին էլեկտրաէներգետիկական համակարգում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման առաջարկ ներկայացնելու հրավերը:
«Նույն որոշմամբ, լավագույն հնգյակում ընդգրկված միջազգային խորհրդատու ընկերությունների առաջարկների ստացման աշխատանքների կազմակերպման համար հանձնաժողովում ստեղծված աշխատանքային խմբին հանձնարարվել է՝ 1-օրյա ժամկետում ուղարկել հաստատված հրավերը միջազգային խորհրդատու ընկերություններին և վերջիններիս կողմից առաջարկների ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո 3‑օրյա ժամկետում ամփոփել միջազգային խորհրդատու ընկերությունների ներկայացրած առաջարկները և արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ», - ասված է ՀԾԿՀ-ի հաղորդագրությունում:
Էլեկտրաէներգետիկական համակարգում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման հիմնական նպատակներ են, ըստ հաղորդագրության, «ստանալ հիմնավորված պատասխաններ հետևյալ երկու կարևորագույն հարցերին. ա) ինչքանով էր հիմնավորված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, բ) սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին»:
Առաջարկ ներկայացնելու հրավերով սահմանվել է, որ խորհրդատուն նախ պետք է իրականացնի էներգետիկ համակարգի գործառնական վերլուծություն, ներառյալ` արտադրողից մինչև սպառող գնագոյացման արժեշղթայի ուսումնասիրություն, սակագնի կառուցվածքի հիմնական բաղկացուցիչ մասերի, ինչպես նաև՝ շուկայի տատանումների ու մյուս գործոնների նկատմամբ դրանց զգայունության ընդհանուր նկարագրի ներկայացում և ստեղծված իրավիճակի ներքո սակագների չբարձրացման հետևանքների գնահատում: Այնուհետ, խորհրդատուն իրականացնելու է սակագների նվազեցումների որոշ տարբերակների խորքային դիտարկումը՝ համեմատելով միջազգային և տարածաշրջանային համապատասխան գործելակերպերը և առաջարկելով կարճ ժամանակահատվածում առավել մեծ ազդեցություն ունեցող առաջնահերթ գործողությունների ցանկ։
«Եվ վերջապես, վերը նշված երկու փուլերի ավարտից հետո, հաշվի առնելով 2016-2036 թվականների էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագրի շուրջ քննարկումների զարգացումը և այդ խորհրդատվության արդյունքները կապակցելու անհրաժեշտությունը, հնարավոր է, որ խորհրդատուն ներգրավվի երկարաժամկետ ռազմավարական զարգացման ծրագրի հետագա մշակման և դրա շուրջ խորհրդատվության տրամադրման աշխատանքներում», - հաղորդում է ՀԾԿՀ-ն:
Հիշեցնենք, թեև օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը ՀԾԿՀ-ի հունիսի 17-ի որոշման համաձայն բարձրանալու է 6․93 դրամով, կառավարությունը, նախագահ Սերժ Սարգսյանի՝ հունիսի 27-ի խորհրդակցության ժամանակ արած հայտարարության համաձայն, մինչև համակարգում աուդիտի ավարտը իր վրա է վերցնելու էլեկտրաէներգիայի թանկացման բեռը: