Հունաստանը պարտավորվել է վաղը՝ հունիսի 9-ին, եվրոյի գոտու և Եվրամիության անդամ մյուս պետություններին ներկայացնել պարտքերի մարման և երկրում տնտեսական իրավիճակի բարելավման ծրագիրը: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հրավիրած գագաթնաժողովից հետո այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Ես դեռ պետք է տեսնեմ, թե ինչ չափով է Հունաստանի կառավարությունը պատրաստ կարգավորել այս խնդիրը՝ փակելով ֆինանսական ճեղքերը և մարտահրավերների դեմն առնելով», - ասել է Մերկելը։
Գերմանիայի կանցլերի խոսքով, Հունաստանում անցած հանրաքվեն ոչ միայն կապել է այդ երկրի կառավարության ձեռքերը, այլև՝ եվրոյի գոտու մյուս 18 անդամ երկրներին զրկել է ճկուն մոտեցման հնարավորությունից:
Նրա խոսքով, Եվրամիության երկրները Հունաստանից ակնկալում են ստանալ հնարավորին չափ պարզ և թափանցիկ ծրագիր, որը նրանց կհամոզի Աթենքի պատրաստակամության մեջ։ «Մենք համոզվա՞ծ ենք, որ Հունաստանն ի վիճակի է կարգավորել այս խնդիրները։ Առայժմ ես այդպես չէի ասի», - նշել է Մերկելը:
Իր հերթին, Դոնալդ Տուսկն ասել է, որ եվրոյի գոտու իշխանությունները պատրաստ են բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի ապահովվի գոտու ֆինանսական կայունությունը, քանի որ, ըստ Տուսկի, խնդիրը մարտահրավեր է բոլոր անդամ պետությունների համար։
«Աշխարհաքաղաքական տեսանկյունից, այս խնդիրն ազդելու է ամբողջ Եվրոպայի վրա, ու եթե որևէ մեկը կարծում է, որ դա այդպես չէ, նա միամիտ է», - ասել է Եվրոպական խորհրդի նախագահը:
Եվրոյի գոտու մյուս անդամ պետությունները չեն պատրաստվում ո՛չ պարտքի չափը կրճատել, ո՛չ էլ անվերջ սպասել, իսկ վերջնաժամկետն այս շաբաթ ավարտվում է։
Կիրակի՝ հուլիսի 12-ին եվրոյի գոտու և Եվրամիության երկրները ևս մեկ գագաթնաժողովի կհավաքվեն, որտեղ նախատեսվում է վերջնական որոշում ընդունել Հունաստանի վերաբերյալ: