Ստացվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործով փորձագետի եզրակացությունը, տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մամուլի կենտրոնը։
«Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված թվով 28 հատ պարկուճները կրակված են փորձաքննության ներկայացված «ԱԿ -74» տեսակի 5x45 միլիմետր տրամաչափի ինքնաձիգից, որն օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ հայտնաբերվել էր Հենրիկ Ավագյանի հաշվառման վայրի` Սյունիքի մարզ, գյուղ Սյունիք, Վերին թաղամաս, շենք 15, բնակարան 8 հասցեին կից շինությունում: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցության նախնական գնահատման արդյունքում նախաքննական մարմինը Հենրիկ Ավագյանին մեղադրանք է առաջադրել սպանության` պատվերով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու, ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, կրելու և պահելու համար։ Գարեն Աթաջանյանին մեղադրանք է առաջադրել սպանության` պատվերով ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձին օժանդակելու, ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։ Վիտալի Մինասյանին մեղադրանք է առաջադրել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձին օժանդակելու, ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար, Արա Բուդաղյանին մեղադրանք է առաջադրել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար», - ասված է ԱԱԾ-ի հաղորդագրությունում։
Մեղադրյալներին կալանավորելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունները դատարանի կողմից բավարարվել են:
«Բոլոր մեղադրյալները պատշաճ հնարավորություն են ունեցել օգտվելու իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ և Քրեական դատավարության օրենսգրքով ու վերաբերելի այլ իրավական ակտերով սահմանված նվազագույն միջոցներից:
Նախաքննության ընթացքում ձեռնարկվում են ինչպես մեղադրյալների մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները», - տեղեկացնում է ԱԱԾ-ն:
Հիշեցնենք՝ մայիսի 20-ին ժամը 18.15-ի սահմաններում Կապան - Գորիս ավտոճանապարհին կրակահերթեր էին արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի մեջ այդ պահին եղել էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա օգնականը և վարորդը: