Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալված Արա Բուդաղյանին 12։50-ի դրությամբ թույլ չեն տրվել հանդիպել փաստաբանին:
Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ հավելելով, որ երեկ երեկոյան օմբուդսմենի ներկայացուցիչ Մարտիկ Մարտիրոսյանն այցելել էր Արա Բուդաղյանին և նրա հետ տեսակցությունից հետո Ձերբակալվածների պահման վայրի մոտ սպասող Բուդաղյանի հարազատներին և փաստաբանին տեղեկություններ հաղորդել Արա Բուդաղյանի և կատարված գործողությունների մասին:
Հիշեցնենք, Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով քննությունը վարող ԱԱԾ-ն ձերբակալել է Բուդաղյանների կրտսեր եղբորը՝ Արա Բուդաղյանին, և տեղափոխել Երևան: Դրանից հետո փաստաբան Հայկ Ալումյանին ու Բուդաղյանի հարազատներին տևական ժամանակ չէր հաջողվում ճշտել նրա պահման վայրը: Այս գործով ձերբակալվել են նաև Գարեն Աթաջանյանը, Հենրիկ Ավագյանը և Վիտալի Մինասյանը։
Օմբուդսմենի ներկայացուցիչ Մարտիկ Մարտիրոսյանն այցելել էր Ազգային անվտանգության ծառայության ձերբակալվածների պահման վայր: Բայց պարզվել էր, որ Արա Բուդաղյանը գտնվում է ոչ թե ԱԱԾ-ում, այլ՝ Ոստիկանության ձերբակալվածների պահման վայրում:
Օմբուդսմենի ներկայացուցիչն այցելել էր Ոստիկանության ձերբակալվածների պահման վայր, առանձնազրույց ունեցել Արա Բուդաղյանի հետ և պարզաբանել նրա իրավունքների պաշտպանության հնարավորությունները:
Այդուհանդերձ, արդեն շուրջ 1 օր ազատությունից զրկված Բուդաղյանին թույլ չի տրվում իրացնել օրենքով ամրագրված տեսակցության իրավունքը: