Ոստիկանություն․ Տեսագրությունն ու տեքստը բավարար չեն քրեական գործ հարուցելու համար

Your browser doesn’t support HTML5

Հիմնադիր խորհրդարանը հայտարարում է, որ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը հետապնդում են իրենց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին ու «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մյուս անդամներին։

Իշխանափոխություն նախաձեռնած Հիմնադիր խորհրդարանը հայտարարում է, որ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը հետապնդում են իրենց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին ու «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մյուս անդամներին։

Հիմնադիր խորհրդարանում ընդգծում են՝ հետապնդումներն է՛լ ավելի են սաստկացել անցած մեկ շաբաթում՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ։ Երեկ նրանց հաջողվել է նկարահանել Աջափնյակից մինչև Կենտրոն իրենց անդամներին հետևող ավտոմեքենան։ Համացանցում տեղադրված ավելի քան 1 րոպե տևողությամբ տեսագրությունում երևում է Ժիրայր Սեֆիլյանին ու Վարուժան Ավետիսյանին տեղափոխող ավտոմեքենայի հետևից ընթացող մեքենայի պետհամարանիշը։

«Հիմնավոր կասկածի մակարդակով կարող եմ ասել, որ, բնականաբար, ոստիկանությունն է և հատուկ ծառայությունները: Մասնավորապես, երեք-չորս օր առաջ, երբ Հիմնադիր խորհրդարանի գրասենյակից պարոն Չուգասզյանի հետ դուրս էինք գալիս, ես նկատեցի առնվազն երեք հոգու, որ հետևում էին մեզ: Նաև ասեմ, որ շատ վատ են աշխատում, պրոֆեսիոնալ չեն, և հեշտ կարելի է իրենց զանազանել», - ասաց Վարուժան Ավետիսյանը:

Ընդդիմադիր նախաձեռնության կասկածներն է՛լ ավելի խորացրեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով երկու օր առաջ «Ազատության» հարցին ի պատասխան նաև Ժիրայր Սեֆիլյանին էր մեղադրել Բաղրամյան պողոտայում շարունակվող սոցիալական ակցիան քաղաքականացնելու համար։

«Տրամաբանական կապ կա, բայց ես չեմ կարող ասել, որ դա ձևական, իրավական առումով ապացույց է: Տրամաբանական կապն ակնհայտ է: Դրա համար ես շեշտեցի, որ հիմնավոր կասկածի մակարդակով ես ասում եմ՝ այո, դա ռեժիմի թելադրանքով իրականացնում են իր մահակները՝ հատուկ ծառայությունները և ոստիկանությունը: Վախը երևակայական հրեշներ է ծնում, և դրանից դրդված իրենք ինչ-որ արտառոց քայլեր են սպասում մեզանից: Եվ այդ վախով եմ պայմանավորում իրենց ջղաձգումները», - նշեց Ավետիսյանը:

Հիմնադիր խորհրդարանը կոչ է անում ոստիկանությանը բացահայտել հետապնդողներին՝ հնարավոր հանցագործության նախապատրաստությունը կանխելու համար։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, մինչդեռ, այս հարցով ոստիկանությանը դիմելը անհեռանկար է համարում՝ ընդգծելով, որ ոստիկանապետն ինքն է Սեֆիլյանի մասին հրապարակավ խոսում․ - «Հետապնդողին ինչպես բացահայտես, երբ հետապնդում է ինքը՝ ոստիկանությունը: [Ոստիկանապետը] չի թաքցնում, վստահ է, որ անպատժելի է, նաև որ «դաբրո» ունի իշխանությունից Սեֆիլյանի մասին խոսել, որովհետև քրեական գործը դեռ կարճված չէ, և նա իրեն ապահով է զգում այդպես Սեֆիլյանի մասին խոսել: Ավելի շատ՝ քրեական գործի համար փորձել հիմքեր ստեղծել»:

Ոստիկանությունից «Ազատության» հետ զրույցում կտրականապես հերքեցին ընդդիմադիր շարժման անդամներին հետապնդելու մասին պնդումները։ Լրատվական ծառայությունը միաժամանակ հայտարարում է, որ, համաձայն օրենքի, քրեական գործ հարուցելու համար Սեֆիլյանն ու ընկերները պետք է գրավոր դիմեն, հրապարակված տեսագրությունն ու տեքստը բավարար չեն։