Օրեր շարունակ Բաղրամյան պողոտայում հնչող ակնարկներից հետո, թե ոմանք փորձում են հոսանքի թանկացման դեմ շարժումն այլ ուղով տանել, կեսգիշերն անց ոստիկանապապետ Վլադիմիր Գասպարյանը բացեց փակագծերն ու արդեն սկսեց անուններ հնչեցնել։
«Ազատության» հարցին, թե ոստիկանության ներկայացուցիչները շարունակ ինչ-որ քաղաքական ուժերի ու կազմակերպությունների մասին են ակնարկում, ո՞ւմ մասին է խոսքը, Հայաստանի ոստիկանապետը պատասխանեց․ - «Կիվիրյաններ են շահում, սեֆիլյաններ են շահում․․․ մի հատ թողեք՝ տեսեք իրենց ընտանիքի անդամները կհավաքվե՞ն իրենց կողքը: Տեսնում են մարդիկ հավաքված՝ լույսով մարդիկ, խառնեցին, խառնեցին, ձեր մեջ էլ գցեցին տարակուսանք»:
«Հանդուրժողականությունը սահման ունի», - ասաց ոստիկանապետը՝ ակնարկելով, որ իրենց համբերության բաժակը լցվել է։
Իսկ հարցին, թե ինչու էր ոստիկանությունը նույն հավաքը հանդուրժում մոտ մեկ շաբաթ, և ինչ փոխվեց երեկ, որ հասարակական կարգը վերականգնելու անհրաժեշտություն առաջացավ, ոստիկանապետը պատասխանեց. - «Նախագահի հայտարարությունից հետո, որտեղ կոնկրետ նշված էր, թե պետությունը ինչ քայլեր է անում և նպատակները, ինչո՞ւ այստեղ ընկալում եղավ, այնտեղ չեղավ։ Սա հաղթանակ էր բառիս բուն իմաստով, սա և իմ հաղթանակն էր, բայց բոլոր հաղթանակների մեջ կան կորուստներ: Այս պարագայում այդ կորուստն այն ռադիկալիզմն է, որ դրսևորվում է այնտեղ: Դա անհանդուրժելի է։ Խնդիրը, ես համարում եմ, ոչ միայն լուծված՝ այն, ինչ դուք բարձրացրել եք, այլ լուծված է գերազանց և շատ ավելի գերազանց արդյունքներ է լինելու»։
Այնինչ Բաղրամյան պողոտան արդեն մոտ մեկ շաբաթ փակ պահող ցուցարարները պնդում են՝ նախագահի առաջարկած լուծումը իրենց չի բավարարում, հիմնական պահանջը՝ կասեցումը չի կատարվել, աուդիտի արդյունքներին էլ չեն հավատում։
«Չեք հավատում, խաչակնքվեք, միգուցե վերականգնվի՞, «Հայր մեր»-ն ասեք, միգուցե հե՞տ գա, մի հատ մեջդ նայի, գոնե կգտնե՞ս, ոչինչ թող ստեն, դու հավատա», - հակադարձեց Գասպարյանը։
Վերջին օրերին ոստիկանությունը հայտարարում էր, թե Բաղրամյանի հավաքի հետևում մութ ուժեր են կանգնած, երեկ փաստորեն նշվեցին անուններ։
Ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանն ու իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանն արդեն արձագանքել են ոստիկանապետի մեղադրանքներին։
«Հիմնադիր խորհրդարան»-ը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ փորձ է արվում Սեֆիլյանին անհայտ մեղքեր վերագրել և նրա կերպարը հրեշացնել՝ հավելելով, որ այս ամենի նպատակն այն է, որ ոստիկանության բռնությունների հավանական զոհերի համար մարդիկ մեղադրեն Սեֆիլյանին:
Կիվիրյանը նույնպես չի ընդունում մեղադրանքները։ «Ակնհայտ է թե ինչու է այդ մեղադրանքները հնչում. ոստիկանությունը այս քանի օրերին, տապալելով իրենց ողջ գործողությունները, Բաղրամյան պողոտայից ժողովրդին հանելու՝ մասնավորապես ժողովրդի դեմ կիրառելով ջրցան մեքենաներ, բռնություններ, սադրանքներ, և չկարողանալով հանել այնտեղից ժողովրդին, պարզ է, որ իրենց տերերի՝ մասնավորապես Սերժ Սարգսյանի առաջ պետք է պատասխան տան, թե ինչու են տապալել այդ գործողությունը: Եվ այս պարագայում իրենք փորձում են գտնել անձանց, որոնց գործողություններով փորձեն պատճառաբանել իրենց տապալումը», - ասաց Կիվիրյանը։