«Արժեքների հեղափոխության» գործով վեց տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանն այսօր դադարեցրեց հացադուլը, «Ազատության»-ը փոխանցեց Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը։ Նա նշեց, որ հացադուլի դադարեցման մասին հայտարարությունը Հարությունյանն այսօր ներկայացրել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը։
Հիշեցնենք՝ Շանթ Հարությունյանը հացադուլ հայտարարեց հունիսի 8-ին։ Մինչև հացադուլը նա պատիժը կրում էր կիսաբաց ռեժիմով՝ հանրակացարանային պայմաններում։ Հարությունյանը ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին փոխանցել էր, թե իր կյանքին վտանգ է սպառնում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանից, և քրեակատարողական հիմնակի ղեկավարությանը խնդրել էր իրեն տեղափոխել առանձին խուց։
«Առանձին խուց տեղափոխելու մասով պահանջը բավարարվել է, նա հիմա փակ ռեժիմով է կրում իր պատիժը, սակայն Շանթը նաև պահանջել էր հանդիպում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, որը, իհարկե, չի բավարարվել», - ասաց Բադալյանը։
Խոսելով Հարությունյանի առողջական վիճակից, Բադալյանն ասաց, որ Շանթն իրեն թույլ է զգում։
Հասմիկ Գրիգորյան