«Արժեքների հեղափոխության» գործով վեց տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը երեկ երեկոյան անժամկետ հացադուլ է սկսել, «Ազատության»-ը փոխանցեց Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը՝ նշելով, որ Հարությունյանը պահանջում է իրեն տեղափոխել առանձին խուց։
Հարցին, թե նա դժգո՞հ է պահման պայմաններից, Ղլեչյանը պատասխանեց, որ նման բան չկա. - «Նա հիմա պատիժը կրում է կիսաբաց ռեժիմով՝ հանրակացարանային պայմաններում։ Դիմում է գրել տեղաբաշխման հանձնաժողովին՝ խնդրելով իրեն տեղափոխել առանձին խուց»։
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ իր հայրը հացադուլ է սկսել հունիսի 8-ից։ «Այս հինգ օրերի ընթացքում նրա հացադուլի մասին չի բարձրաձայնվել, քանի որ նա պայմանավորվածություն է ունեցել, որ մինչև ուրբաթ կկատարեն իր պահանջը։ Բայց հայրս չի դադարեցրել իր հացադուլը։ Այսօր՝ ուրբաթ օրը, հունիսի 12-ին, նրա պահանջը չկատարվելով, հորս դիմումի համաձայն, տեղափոխվել է հատուկ հացադուլավորների համար նախատեսված խուց։ Հայրս կշարունակի իր հացադուլը մինչև իր պահանջի կատարումը», - գրել է Շանթի որդին։
Գոռ Ղլեչյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց Հարությունյանի՝ հունիսի 8-ից հացադուլ սկսելու տեղեկությունը՝ նշելով, որ Շանթ Հարությունյանը հացադուլի մասին դիմումը երեկ է ներկայացրել։ «Տեղաբաշխման հանձնաժողովը պատշաճ ժամանակում դիմումը կքննի ու գործին ընթացք կտա», - ասաց Ղլեչյանը։
Նա նաև նշեց, որ նույն պահանջով, Շանթի հետ հացադուլ է սկսել «Նոյեմբերի 5»-ի գործով հինգ տարվա ազատազրկման դատապարտված պահեստազորի փոխգնդապետ Վարդան Վարդանյանը։
Հասմիկ Գրիգորյան