Այս օրերին Քաբուլում լարված մթնոլորտ է, որի պատճառը Աֆղանստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամն է ու այդ պայմաններում Թալիբանի հարձակումն ընդդեմ խորհրդարանի:
Աֆղանստանի խորհրդարանը շաբաթ օրը քվեարկեց գործող պատգամավորների մանդատը Սահմանադրությամբ նախատեսված հինգ տարուց ավելի երկարացնելու օգտին: Նման որոշմանը աջակցել է նախագահ Աշրաֆ Ղանին՝ երկրում նոր ընտրությունների բացակայության պայմաններում իրավական վակուում չառաջանալու նկատառումներով:
Որոշ պատգամավորներ, ինչպես նաև փորձագետներ շարունակում են կասկածի տակ դնել այդ ընտրությունների օրինականությունը:
Պատգամավոր Աբդուլ Քադեր Զազաին երկրում ստեղծված սահմանադրական ճգնաժամի պատճառը վերագրում է խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների ընտրական օրենքների բարեփոխման հարցում նախագահ Ղանիի և գլխավոր գործադիր պաշտոնյա Աբդուլա Աբդուլայի միջև հակասություններին:
Նախագահի գրասենյակից հայտնել են, որ խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը կհայտարարվի մեկ ամսվա ընթացքում, ինչին դեմ է արտահայտվել Աբդուլա Աբդուլայի գրասենյակը:
Ստեղծված միասնական կառավարությունը Սահմանադրության շրջանակներից դուրս կազմված գործադիր մարմին է: Ընտրություններ անցկացնելու հետաձգումը կարող է կասկածի տակ դնել ամբողջ համակարգի օրինականությունը:
Աֆղանստանի կառավարությունը երկուշաբթի նիստ էր հրավիրել, որի նպատակն էր հաստատել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի կողմից առաջարկված պաշտպանության նախարարի թեկնածությունը: Թալիբանի զինյալները նիստի ընթացքում խորհրդարանի վրա հարձակում են գործել՝ շենքի մոտ արձակելով կրակոցներ: Ոստիկանության կողմից իրականացված գործողության արդյունքում Թալիբանի վեց զինյալ է սպանվել: Վկաների հաղորդմամբ՝ ինը պայթյուն է որոտացել, և շենքից ծուխ է բարձրացել: Ռմբակոծման արդյունքում վիրավորվել է 21 մարդ: Օրենսդիրները չեն վնասվել: Պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել Թալիբանը։