Աֆղանստանի խորհրդարանի անվտանգության ծառայության աշխատակիցները այսօր սպանել են Թալիբան խմբավորման մահապարտ ահաբեկչին և վեց այլ զինյալների՝ կանխելով զինված գրոհը:
Ահաբեկիչների հարձակման ընթացքում ավտոմեքենա է պայթել, ինչի հետևանքով վիրավորվել է 19 խաղաղ քաղաքացի, այդ թվում՝ 4 կին և 2 երեխա:
Քաբուլի ոստիկանապետ Էբադուլլահ Քարիմին հայտարարել է, որ մահապարտ ահաբեկիչը եղել է ավտոմեքենայի մեջ, իսկ սպանված մյուս վեց գրոհայինները դիրքավորվել են խորհրդարանի շենքի մոտ:
Խորհրդարանն այսօր պատրաստվում էր հաստատել Մասում Ստանեքզայիի թեկնածությունը՝ պաշտպանության նախարարի պաշտոնում: Նոր նախարարի թեկնածությունն առաջարկել է երկրի նախագահ Աշրաֆ Ղանին:
Գրոհները հաճախակի են դարձել անցյալ տարեվերջից, երբ Քաբուլից հեռացան օտարերկրյա զինված ուժերը: