Մինչ հանձնաժողովը ներսում նիստ էր գումարում, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ՀՅԴ երիտասարդական թևն ու մի քանի տասնյակ ակտիվիստներ հավկիթներ, լոլիկներ և զուգարանի թուղթ նետելով փորձում էին ճեղքել ոստիկանական պատնեշն ու ներխուժել շենք, որտեղ այդ պահին որոշվում էր սակագնի հարցը։
Ցուցարարաների պահանջն էր՝ դադարեցնել հանձնաժողովի նիստն ու մերժել ՀԷՑ-ի ներկայացրած՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտը։
«ՀԷՑ-ում կա գողություն», - «Ազատությանն» ասաց ցուցարարներից մեկը: - «Մենք պահանջում ենք, որպեսզի անցկացվի միջազգային աուդիտ՝ չարաշահումները բացահայտելու նպատակով»:
Ակտիվիստները պնդում էին, թե հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը կարող է բավարարել իրենց պահանջը, ու վերջինիս հետ հանդիպում էին ակնկալում։
Դրական պատասխան չստանալով՝ ցուցարարները դարձյալ ձվեր ու լոլիկներ նետեցին շենքի վրա, ինչին փորձեցին խոչընդոտել իրավապահները:
Ոստիկանների հետ մոտ 20 րոպե տևած բախումները հանդարտեցնելու փորձ կատարեց փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ Ռոբերտ Նազարյանի փոխարեն ակտիվիստների մոտ հրավիրելով ՀԾԿՀ-ի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանին։ Վերջինս ակցիայի մասնակիցներին ասաց, որ հայտի մերժումն անհնար է, և նիստը կշարունակի աշխատանքը:
Ցուցարարները սկսեցին զուգարանի թղթով հարվածել աշխատակազմի ղեկավարին, սկսվեցին նոր բախումներ, որոնց հետևանքով տուժեց ակցիան լուսաբանող լրագրողներից մեկը։
Քիչ անց միջամտեցին նաև կարմիրբերետավորները․ ըմբշամարտին հատուկ հնարքներով նրանք փորձում էին հեռացնել ցուցարարներին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտակայքից։
6 ակտիվիստ վարչական բերման ենթարկվեց՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու և հասարակական կարգը խախտելու հիմնավորմամբ։
Մոտ երկու ժամ ոստիկանությունում անցկացրած ակտիվիստները փոխանցեցին, որ կազմված արձանագրությունների տակ չեն ստորագրել․ - «Ոչ մի բացատրություն չենք տվել, ոչ մի արձանագրություն չենք ստորագրել: Մենակ իրենցից ենք զեկուցում վերցրել, թե ինչու են մեզ բերման ենթարկել»: