Հայաստան մուտքի իրավունքից զրկված Շանթ Ոսկերչյանը կդիմի «գրոհի»

Your browser doesn’t support HTML5

Ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակով խնդրում են վերանայել «Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող Շանթ Ոսկերչյանի մուտքը Հայաստան արգելելու որոշումը:

Երեկ հանդիպելով Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանին՝ ֆրանսահայերը նրան են հանձնել նամակը Սերժ Սարգսյանին փոխանցելու համար:

«Ազատության» հետ զրույցում Ոսկերչյանն ասաց, որ կսպասեն Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի գործողություններին։

«Անհեթեթ մի բան է: Այսքան անտրամաբանական մի բան ես չեմ հանդիպել: Դեսպանը հասկացողությամբ է մոտեցել իրենց արգումենտներին, ասել է, որ նախօրոք տեղյակ չի եղել, որ այսպիսի մի բան է լինելու: Եթե տեղյակ լիներ, անպայման առաջը կառնեին այս քայլի», - նշեց նա:

Մայիսի 21-ին Ազգային անվտանգության ծառայությունը Ֆրանսիայի քաղաքացի Ոսկերչյանին թույլ չէր տվել մուտք գործել Հայաստան և վերջինիս 12 ժամ պահելով Զվարթնոց օդանավակայանում՝ հարկադրաբար հետ էր ուղարկել Ֆրանսիա:

Շանթ Ոսկերչյանը Հայաստան էր եկել մասնակցելու իշխանափոխություն պահանջող Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած «100-ամյակն առանց ռեժիմի շարժման» բողոքի ցույցերին:

Ֆրանսիայի քաղաքացուն հետ ուղարկելով Փարիզ՝ իշխանությունները բավարարվեցին ընդամենը Սփյուռքի նախարարի պարզաբանմամբ: Հրանուշ Հակոբյանը լրագրողներին էր փոխանցել Ազգային անվտանգության ծառայության պատճառաբանությունը՝ Շանթ Ոսկերչյանի գործողությունները համարվում են սպառնալիք ազգային անվտանգությանը:

Ոսկերչյանի մուտքն արգելած Ազգային անվտանգության ծառայությունը այս հարցի վերաբերյալ պարզաբանմամբ է հանդես եկել շուրջ մեկ ամիս ուշացումով, այն էլ՝ պատասխանելով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հարցմանը։ ԱԱԾ-ն վկայակոչել է «Օտարերկրացիների մասին» օրենքի 8-րդ հոդվածը: Օրենքի ծավալուն այս հոդվածում, որը կարգավորում է Հայաստանի մուտքի վիզա տրամադրելու և մուտքն արգելելու հետ կապված խնդիրները, նշվում է նաև պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին լուրջ և հիմնավոր սպառնալիքների մասին: Սաքունցն ասում է՝ Ազգային անվտանգությունը չի պարզաբանում, կոնկրետ ինչո՞ւ են արգելել մտնել Հայաստան: Մինչդեռ օդանավակայանում Ոսկերչյանին ասել էին, թե կեցության իրավունքի ժամկետն է լրացել: Մեկը մյուսից տարբերվող այս պարզաբանումները հենց սկզբից նրան առիթ տվեցին հայտարարել՝ իրեն արգելել են մուտք գործել Հայաստան քաղաքական նկատառումներով:

«Ի վերջո՝ Հայաստանում Սովետի ԿԳԲ-ն՝ այդտեղի բաները շարունակվում են: Չեմ կարծում, որ սխալմունք է: Միտումնավոր է եղել: Իրենց մտքից անցել է, թե պիտի ինձ իմ պայքարից հետ մղեն, բայց չարաչար սխալվում են: Ես հարյուր անգամ ավելի զորավոր իմ պայքարը պիտի շարունակեմ այս ռեժիմի դեմ», - ասում է Ոսկերչյանը:

ԱԱԾ-ի պատասխանը «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանին թույլ է տալիս հայտարարել, որ իշխանությունները օրենքն օգտագործում են ընդդիմախոսների դեմ:

«Շանթ Ոսկերչյանի և բոլոր այդ «սև ցուցակում» հայտնված մյուս հայազգի մարդկանց՝ այդպիսի ցուցակների կազմումը միանգամայն այլ նպատակի է ծառայեցվում», - ասում է Ավետիսյանը:

Հայրենիք մուտք գործելու իրավունքից զրկված Ոսկերչյանը հույս ունի, որ խնդիրը մոտ ժամանակներս կլուծվի: Հակառակ դեպքում՝ իր խոսքով, կդիմի «գրոհի»․ - «Եթե հարցը չլուծվի, ես այս գործը այսպես չեմ թողնի: Ոչ միայն միջազգային մամուլ, միջազգային ատյանները․․․ նույնիսկ եթե հույս չունեմ Հայաստանի այսօրվա դատական համակարգից, բայց պիտի դիմեմ»: