«Հիմնադիր խորհրդարանը» շաբաթ օրը նախատեսված հանրահավաքի նախաշեմին հայտնում է, որ պատրաստ է գնալ լայն կոնսոլիդացիայի։ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանի խոսքով, իրենք համոզվել են՝ համակիրներ ունեն անգամ գործող համակարգի ներսում։
«Բոլոր ընդդիմադիր այն ուժերի հետ, որոնք մեզ պաշտպանեցին մեր ազատազրկման ընթացքում, բոլոր ուժերի հետ, որոնք սկսում են գիտակցել, որ այսպես մենք երկիր ենք կորցնում, հայաթափվում ենք: Դրա համար ճանապարհը ուժերի կոնսոլիդացիան է դեպի արտահերթ ընտրությունները», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Չուքասզյանը:
«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը պարզաբանում է՝ համագործակցության եզրեր կարող են գտնել այն ընդդիմադիր ուժերիհետ, որոնք մարտի 1-ի մեղսակիցը չեն: - «Կարծում եմ բոլորի համար պարզ են այդ ուժերը ովքեր են, այսինքն մի քանի կուսակցությունների մասին է, որոնց հետ մենք չենք պատկերացնում գործակցություն: Մնացյալի հետ՝ բոլորի հետ, գործակցություն պատկերացնում ենք», - ասաց Սեֆիլյանը:
Այլ ուժերի հետ հնարավոր համագործակցության մասին ընդդիմադիր կառույցում սկսեցին խոսել Սեֆիլյանի և ընկերների կալանավորումից և ազատ արձակումից հետո։ Մինչև կալանավայրում հայտնվելն էլ քաղաքական համախմբման փորձեր անում էինք, բայց այժմ նոր մոտեցմամբ ենք գործում, ասում է զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար մեղադրվող Սեֆիլյանը։
«Մենք միշտ ասում էինք քաղաքական ուժերին, որոնք սիստեմի տրամաբանության ծիրից ներս էինք պայքարում, մենք միշտ ասել ենք՝ պետք է համակարգից դուրս լինի պայքարը, որ էֆեկտիվ լինի: Տարբերությունը այսօր այն է, որ մենք ասում ենք՝ այդտեղ էլ փորձեք պայքարել, այստեղ էլ», - ասաց Սեֆիլյանը:
«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները պնդում են, որ իշխանությունները Բերձորի ու Գյումրիի միջադեպերից, ապա իրենց դեմ քերական գործ հարուցելուց հետո էլ շարունակում են ճնշումները՝ վախեցնելով իրենց համակիրներին։
«Խոչընդոտում են մեր հրապարակային գործունեությունը նաև այնպիսի պրիմիտիվ ձևերով, ինչպես օրինակ՝ հյուրանոցներին արգելել են մեզ որևիցե դահլիճ վարձակալությամբ տալը», - ասաց նա:
Խոսելով հետապնդումների մասին՝ ընդդիմադիր ուժը մատնանշում է «Հայկական վերածնունդ» կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող և իրենց համակիր Շանթ Ոսկերչյանին Հայաստան չթողնելու և օդանավակայանից իր կամքին հակառակ Ֆրանսիա ուղարկելու՝ իշխանությունների որոշումը։
Ազգային անվտանգության ծառայությունից անցյալ շաբաթ չպարզաբանեցին, թե ինչու են արգելել Ֆրանսիայի քաղաքացուն Հայաստան մտնել, փոխարենը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողի հարցին ի պատասխան ասաց, որ իրեն ԱԱԾ-ին ասել են՝ Շանթ Ոսկերչյանը Ֆրանսիայում Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող քայլեր է արել։
Մինչ «Հիմնադիր խորհրդարանն» այս օրերին պատրաստվում է մայիսի 30-ի հանրահավաքին, ճշգրտելով իրենց քայլերն ու անելիքները, քրեակատարողական հիմնարկում հացադուլն է շարունակում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, Շանթ Հարությունյանի նախաձեռնած «Արժեքների հեղափոխության» մասնակից Լիպարիտ Պետրոսյանը։ Նա մայիսի 14-ին էր հացադուլ սկսել՝ պահանջելով կարճել Սեֆիլյանի ու մյուսների դեմ հարուցված քրեական գործը և իր բողոքն արտահայտելով Շանթի և ընկերների գործով հայաստանյան վերջին ատյանի՝ Վճռաբեկ դատարանի որոշման դեմ, որը հայցը չընդունեց՝ անփոփոխ թողնելով 13 ընդդիմադիրներին 1-ից մինչև 7 տարվա ազատազրկման դատապարտելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը: «Հիմնադիր խորհրդարանը» կոչ է անում Պետրոսյանին դադարեցնել հացադուլը։