«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը շարունակում է պայքարը

Your browser doesn’t support HTML5

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներն այսօր իրազեկման հերթական ավտոերթով իրենց պահանջները ներկայացրին ճանապարհային ոստիկանությանը:

Նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Արմեն Եփրեմյանը փոխանցեց, որ պահանջները նույնն են՝ վերացնել կարմիր գծերն ու տեսախցիկները, հայտարարել տուգանքների ամբողջական համաներում, ճանապարհները հագեցնել անհրաժեշտ բոլոր նշաններով ու խաչմերուկների պատշաճ կարգավորմամբ:

Ավտոերթի շուրջ 15 մեքենաները, այդ թվում 5-ը՝ ոստիկանական, Մերգելյանի ինստիտուտի բակից շարժվեցին դեպի Ծովակալ Իսակով հասցեում գտնվող ճանապարհային ոստիկանության ստորաբաժանում:

Իրազեկման ակցիայի մասնակիցներից մեկը պահանջ բարձրաձայնեց, որ տաքսիների համար առանձին կայանատեղիներ բացվեն:

Տեսախցիկներն, ըստ նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Արսեն Պետրոսյանի, միայն շարքային վարորդների գրպանին են խփում: Կարծում է, որ կան հատուկ ընտրյալներ, որոնց խախտումներն արձանագրելու դեպքում տուգանքներ չեն մուծվում․ - «Բոլորս ապրում ենք այս քաղաքում, բոլորս էլ նկատում ենք, որ նման ընտրյալներ պտտվում են քաղաքում»:

Ակցիայի մասնակիցները զրուցեցին ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ, նամակ հանձնեցին պետի տեղակալ Արմեն Խաչատրյանին:

Վերջինս խոստացավ պատասխանը չուշացնել․ - «Կարծում եմ, որ քննարկումները կլինեն մասնագիտական․․․ Շատ արդյունավետ կլինի մեկ անգամ ընդհանուր քննարկում անել, որպեսզի պարզել տեխնիկական միջոցներով երթևեկության արդյունավետությունը ընդհանրապես: Բայց պետք չէ մոռանալ, որ ցանկացած մարդկային գործունեություն աստիճանաբար ավտոմատիզացվում է, և սա էլ դրա մի փուլն է»:

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները նաև հայտարարեցին, որ իրենք պատրաստվում են միանալ հունիսի 18-ին կայանալիք էլեկտրաէներգիայի թանկացման դեմ իրազեկման ավտոերթին, իսկ հունիսի 19-ին կմասնակցեն հանրահավաքին: