Վճարովի ավտոկայանատեղիները սահմանանշող կարմիր գծերի, ճանապարհային երթևեկության խախտումների համար սահմանված բարձր տուգանքների վերացման պահանջներով ավելի քան մեկ տարի պայքար մղող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը հունիսի 16-ին անցկացվելիք բողոքի ավտոերթին ընդառաջ նոր պահանջներ է ներկայացնում իշխանություններին։
Վարորդներն այժմ պահանջում են նաև վերացնել ճանապարհային երթևեկության նկատմամբ հսկողություն իրականացնող տեսախցիկները և ավելացնել ճանապարհային նշանները: Նրանք համոզված են՝ իշխանությունները ոչ թե փորձում են կարգուկանոն սահմանել, այլ թալանում են վարորդներին։
«Դա ուղղակի մարդկանց գրպանը մտնելու հավելյալ տարբերակ է, դրանից՝ տեսախցիկների արձանագրած այս փաստերից, մարդկանց տույժ ու տուգանքների ենթարկելուց ճանապարհային երթևեկության անվտանգության ոչ մի առաջընթաց չի գրանցվել, ընդհակառակը», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասում էր նախաձեռնության ներկայացուցիչ Արսեն Պետրոսյանը:
Մի քանի ամիս շարունակված դադարից հետո վարորդները կրկին փողոց դուրս կգան՝ պահանջելով առհասարակ վերացնել կարմիր գծերով կայանման համակարգը, հանել տեսախցիկներն ու ավելացնել ճանապարհային նշանները: Նախաձեռնության ներկայացուցիչ Վարդան Հակոբյանն ասում է՝ իրենց պայքարն արդյունք տվել է․ վերացվել են 2012-ից չվճարված տույժերից առաջացած տուգանքները, իսկ դատարանում մի շարք վարորդներ հաղթել են մայրաքաղաքում կարմիր գծերով կայանմամբ զբաղվող «Փարկինգ սիթիին»։
Նախաձեռնության անդամները պնդում են, որ աղքատության բարձր ցուցանիշ ու ցածր աշխատավարձեր ունեցող Հայաստանի համար տուգանքները չափազանց մեծ են, հետևաբար այդ համակարգը ոչ թե երևեկությունը կարգավորելու, այլ փող դիզելու համար է։ Հայաստանում կարգազանց վարորդները անգամ նույն խախտումը հաճախ կրկնելուց հետո չեն զրկվում վարորդական իրավունքից։ Նախաձեռնությունն առաջարկում է թեթև խախտումների դեպքում վարորդներին չտուգանել, իսկ եթե խախտումը կրկնվում է, շատ ավելի խիստ լինել, մինչև անգամ զրկել վարորդական իրավունքից։
«Օրենքը մարդու համար պետք է աշխատի, ոչ թե մարդու դեմ: Եթե մարդը ընդամենը գիծ է հատել, դրա համար չարժե մարդուն դնել տուպիկի մեջ: Եթե չենք հանում այս ամբողջ համակարգը, թողնում ենք կամերաները, ուրեմն մարդուն պետք է տալ սխալվելու իրավունք, եթե դրանով նա չի վտանգում երթևեկության ապահովությունը, ուրիշի կյանքին վտանգ չի սպառնում», - ասում է Վարդան Հակոբյանը:
Տարեկան տուգանքներից առաջացած գումարը, ըստ ոստիկանության, կազմում է մոտ 10 միլիոն ԱՄՆ դոլար, որի 30 տոկոսը մնում է ոստիկանությանը, 70 տոկոսն ուղղվում տեսախցիկներ տեղադրող «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը։
Վարորդները պետությունից նաև պահանջում են՝ տուգանքներից ստացված միլիոնավոր դրամների հաշվին ճանապարհային նշաններ տեղադրել մայրաքաղաքում ու մարզերում։
«Նույնիսկ Երևանից դուրս ես գալիս՝ գյուղական համայնք ես մտնում՝ ոչ մի հուշող բան չկա, թե դու որ համայնքում ես», - ասում էին վարորդները: