Հինգերորդ օրն է Շանթ Հարությունյանը հացադուլ է հայտարարել՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունից պահանջելով իրեն տեղափոխել այլ խուց։
Մինչև հացադուլը նա պատիժը կրում էր կիսաբաց ռեժիմով՝ հանրակացարանային պայմաններում։ Այժմ գտնվում է հացադուլավորների մենախցում։
«Շանթն իր անվտանգության հետ կապված սպառնալիքներ է տեսնում», - Շանթի մտահոգությունն է փոխանցում ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով, տեղեկանալով հացադուլի մասին, այսօր բանտում հանդիպել է Շանթ Հարությունյանին ու հացադուլին միացած՝ նույն գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Վարդանյանին։
«Արժեքների հեղափոխության» գործով վեց տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը պատգամավորի հետ զրույցում նշել է, որ «սպառնալիքները բխում են Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) վերնախավից, մասնավորապես՝ ԱԱԾ-ի տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանից»։
«Շանթ Հարությունյանը ինձ հետ խոսակցության ընթացքում ասաց, որ ինքը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ պրոբլեմներ չունի, և նաև այլ կալանավորների հետ պրոբլեմներ չունի, ինքը սպառնալիք է տեսնում Ազգային անվտանգության ծառայության վերնախավից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փաշինյանը։
Պատգամավորը նշեց՝ սա է պատճառը, որ Շանթ Հարությունյանը պահանջում է իրեն տեղափոխել խցային ռեժիմ՝ վտանգը նվազագույնի հասցնելու համար։ «Եվ ինքը այս սպառնալիքները նվազագույնի հասցնելու ձևը համարում է իրեն կրկին խցային ռեժիմ տեղափոխելը, այսինքն՝ ինքը ուզում է, որ պահվի խցում՝ փակ կամ կիսափակ ռեժիմով», - ասաց պատգամավորը։
Փաշինյանը հանդիպել է նաև «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Մանուկ Պողոսյանին, ով վստահեցրել է, որ Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի անվտանգությունը ապահովված է, և որ Շանթի՝ այլ խուց տեղափոխվելու մասին դիմումին կպատասխանեն առաջիկա երեքշաբթի։
«Բնականաբար ես կապի մեջ կլինեմ քրեակատարողական հիմնարկի պետի հետ, և երեքշաբթի օրը երեկոյան ես կտեղեկանամ, թե ինչ որոշում է կայացրել տեղաբաշխման հանձնաժողովը, և եթե անհրաժեշտություն ծագի, դրանից բխող գործողություններ կիրականացնեմ իմ պատգամավորական և քաղաքացիական իրավասությունների շրջանակում», - ասաց Փաշինյանը։
Շանթի կինը՝ Ռուզաննա Բադալյանը տեղեկացրեց, որ այլ խուց տեղափոխվելու մասին Շանթը հինգ օր առաջ դիմում է ներկայացրել քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը, նրան խոստացել էին պատասխանել մինչև ուրբաթ, սակայն դեռ պատասխան չկա։ «Երևի ինչ-որ վտանգավոր էնպիսի մի բան է, որ նման քայլի է դիմել», - ասաց Բադալյանը։
Վճռաբեկ դատարանի մերժումից հետո ուժի մեջ մտած դատավճռով Շանթին ու ընկերներին տեղափոխեցին այլ խուց։ Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը նույն խցում են բնակվում, որտեղ նաև այլ դատապարտյալներ կան։
Վարդան Վարդանյանի կինը՝ Շուշան Վարդանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ամուսինը նախապես տեղեկացրել էր հացադուլի մասին՝ անվտանգությունից բացի բողոքելով նաև խցի պայմաններից. այն փոքր է, անհարմար, սնունդը՝ ուտելու համար ոչ պիտանի։
«Վարդանը չի ասում իրա նեղությունների մասին, բայց ես հասկանում եմ. բա ես ինչո՞ւ եմ տնից հաց ուղարկում, եթե ամեն ինչ կարգին է այնտեղ։ Հետո, երևի փորձում են հրահրեն իրենց, ինչ-որ մի ավելորդ բան ասեն, իրենք էլ տան սատկացնեն, բայց զսպում են՝ նրանք այնքան գիտակից մարդիկ են, որ չեն գնա նման քայլերի։ Ուղղակի ինքն ինձ պատրաստել էր, ասաց՝ «կարող է հացադուլի նստեմ, որովհետև սենյակ չեն տրամադրում, ես էլ չեմ կարող էս տականքների հետ գիշերն անցկացնեմ»», - ասաց Վարդանյանի կինը։
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ հացադուլավորների առողջական վիճակը նորմալ է։
Հարցին, թե Շանթը դժգո՞հ է պահման պայմաններից, Ղլեչյանը պատասխանեց, որ նման բան չկա։